ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել զինվորական ծառայության պայմանագիր կնքած օտարերկրացիներին ՌԴ քաղաքացիության պարզեցված կարգով տրամադրման մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Նոր կանոնները կվերաբերեն օտարերկրացիներին, որոնք զինվորական պայմանագիր են կնքել առնվազն մեկ տարի ժամկետով։ Նրանք կկարողանան Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել առանց կացության թույլտվության, ինչպես նաև առանց երկրում հինգ տարի մշտական բնակության նախապայմանի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:
«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», – ասել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:
«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», – ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում: