Վրաստանը չի հաստատում Ռուսաստանի հետ սահմանի փակման մասին տեղեկությունը

Վրաստանը չի հաստատում Ռուսաստանի հետ սահմանի փակման մասին տեղեկությունը

Պաշտոնական ոչ մի հաստատում չկա այն մասին, որ Վրաստանը կարող է երկուշաբթի օրվանից փակել Ռուսաստանի հետ սահմանը: Իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում որևէ կերպ սահմանափակել ռուսների մուտքը երկիր։

Խոսակցություններն այն մասին, որ սահմանը կարող է փակվել, սկսվել է շրջանառվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Նոնա Մամուլաշվիլիի ուկրաինական «Ազատություն» հեռուստաալիքին տված հարցազրույցից հետո։ Նա պնդում է, որ ոչ պաշտոնական տեղեկություն ունի, որ Վրաստանի իշխանությունները կփակեն մուտքը Ռուսաստանից զորակոչի տարիքի անձանց համար։

«Новости-Грузия»-ին կառավարության մամուլի ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը՝ նշելով, որ ոչինչ չեն կարող ավելացնել նախկինում արված հայտարարություններին։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի հետ սահմանային անցակետը աշխատում է բնականոն շուրջօրյա ռեժիմով:

Ռուսական կողմից Վերին Լարսում արդեն չորս օր է՝ մեքենաների հսկայական խցանումներ են: Լարսում կուտակումները սկսվեցին այն բանից հետո երբ Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարեց։ Վրաստանի իշխանությունները դեռ չեն նշում այս օրերին մուտք գործած ՌԴ քաղաքացիների թիվը։ Ռուսական կողմի տվյալներով՝ վերջին օրերին Վերին Լարսի անցակետով անցել է մինչև երկու հազար ավտոմեքենա։

Այս շաբաթ Վրաստանի իշխող կուսակցությունը հերթական անգամ բացառել է վիզային ռեժիմի և Ռուսաստանի քաղաքացիների համար որևէ սահմանափակումների ներդրումը։

Հիշեցնենք, որ մարտից ընդդիմությունը և մի շարք հասարակական կազմակերպություններ պահանջում են Վրաստան մուտք գործող ռուսների համար կանոնակարգեր սահմանել՝ առանց վիզայի մնալու ժամկետի կրճատումից մինչև վիզային ռեժիմի ներդրում։