Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի բնակիչ Մկրտիչ Նանայանը դիմել է NOR ռադիոյին, որպեսզի բարձրաձայնի այն խնդիրը, որը ծագել է դաշտում, որտեղ ցանվել է կտավատ։
Ըստ Մկրտիչի՝ կտավատը ցանվել է իր իսկ տարածքում՝ որի համար ունի բոլոր փաստաթղթերը։ «Այս տարի 10 հեկտար կտավատի ցանքս եմ արել, սա շատ թանկ բերք է, կիլոգրամը մոտ 10 լարի է։ Ծախսել եմ շատ գումար, ստիպված եմ մոտ օրերիս հնձել այն: Սակայն մոտակայքում իրենց ոչխարներին արածող հովիվները ամբողջ հոտը քշեցին իմ դաշտ։ Ամեն տարի նույնը կրկնվում է, բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Ինչպես իմացա անմիջապես, դիմեցի ոստիկանություն, հիմա էլ եմ բերելու աուդիտ ու հանձնաժողով, որը պետք է հաշվարկի պատճառված վնասը»։
Նանայանը մի քանի տարի անընդմեջ աճեցնում է կտավատ՝ տարածաշրջանի համար ոչ ավանդական կուլտուրա։ Ինչպես նշեց Մկրտիչը, նա բերքը հատուկ է սարերում ցանել ։
Կտավը շատ հարմար կուլտուրա է, չի տուժում ցրտահարությունից, ոռոգման կարիք չունի, հիմնական աշխատանքը ցանքսն ու բերքահավաքն է։ Այն գերազանց է աճում մեր հողերում։
Մկրտիչը սպասում է, որ այս գործով զբաղվող պատկան մարմինները արագ հաշվարկեն վնասի չափը, իսկ մեղավորները փոխհատուցեն վնասը։