Վրաստանի հետ Եվրոպական միության համագործակցությունը եղել է ռազմավարական առումով հիմնավորված, իսկ դրա մշակումն ու իրականացումը հենված էին ամուր ինստիտուցիոնալ շրջանակի վրա: Սա 2014-2020 թվականներին Վրաստանին ԵՄ աջակցության գնահատման եզրակացություններից մեկն է, որը սեպտեմբերի 16-ին հրապարակվել է Վրաստանում ԵՄ պատվիրակության կողմից։
Եզրակացություններում նշվում է նաև, որ Վրաստանի հետ համագործակցության ընթացքում օգտագործվել է գործիքների, եղանակների և ֆինանսավորման խողովակների լայն շրջանակ։ Առաջընթաց է գրանցվել հաշվետվողականության և թափանցիկության խթանման ուղղությամբ, իսկ վիզաների ազատականացման ուղղությամբ արձանագրվել են լավ արդյունքներ: Գնահատման մեջ ընդգծվում է, որ Եվրոպական միության նկատմամբ հասարակության վստահությունը շարունակում է բարձր մնալ։ Մատնանշված թերությունների թվում են դատական բարեփոխումների ուղղությամբ, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում սահմանափակ առաջընթացը:
Գնահատումն իրականացվել է վերջին երկու տարիների ընթացքում գնահատողների անկախ թիմի կողմից: Աշխատանքների շրջանակում վերանայվել է ավելի քան 2000 փաստաթուղթ և իրականացվել են հարցազրույցներ մոտ հարյուր շահագրգիռ կողմերի հետ:
Փաստաթղթում ներկայացված են համագործակցության բարելավման վերաբերյալ ընդհանուր առաջարկություններ, ինչպես նաև ԵՄ-Վրաստան համագործակցության վեց առաջնահերթ ոլորտների վերաբերյալ մանրամասն առաջարկություններ։
Վրաստան. ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն կատարել են աշխատաշուկայի ուսումնասիրություն՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում բարեփոխումների խթանման համար
Վրաց գործատուները հավաքագրման հիմնական խոչընդոտների թվում նշում են արհեստավարժության պակասը և աշխատանք փնտրողների ցածր մոտիվացիան: Միևնույն ժամանակ, ընկերությունների 88%-ը նշում է, որ չի համագործակցում մասնագիտական քոլեջների և ուսումնական կենտրոնների հետ։ Գործատուների միայն 24%-ն է ասել, որ համագործակցել է մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ՝ ուսանողներին փորձնակության և ուսուցման հնարավորություններ առաջարկելու համար:
Այս և այլ բացահայտումները կարելի է գտնել Եվրոպական միության և ՄԱԶԾ-ի կողմից սեպտեմբերի 13-ին հրապարակված՝ աշխատաշուկայի ուսումնասիրության մեջ։
ACT Research-ի կողմից Վրաստանի կրթության և գիտության նախարարության ու Հմտությունների գործակալության հետ համագործակցությամբ իրականացված ուսումնասիրության թիրախում եղել են զբոսաշրջության և առողջապահության/առողջարանային ոլորտները, և այն անցկացվել է Վրաստանի հինգ տարածաշրջանների (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն, Գուրիա, Իմերեթ, Կախեթ, Ռաճա Լեչխում – Քվեմո Սվանեթ) 14 մունիցիպալիտետներում։
Ուսումնասիրությունը տեղեկատվություն է տրամադրում ամենապահանջված մասնագիտությունների և զբաղվածության ձևերի մասին, ուսումնասիրում է շուկայի այս հատվածներում անհրաժեշտ մասնագիտական որակավորումները, վերլուծում է, թե որքանով են առկա մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերը համապատասխանում շուկայի պահանջարկին և գնահատում է նոր կրթական ծրագրերի ներդրման և զարգացման հեռանկարները: Այն նաև պարունակում է առաջարկություններ այն մասին, թե ինչպես զարգացնել համագործակցությունը գործատուների և կրթական հաստատությունների միջև և ինչպես մասնագիտական կրթությունն ու ուսուցումն ավելի համապատասխան դարձնել երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և էթնիկ փոքրամասնությունների անդամների կարիքներին:
Ըստ ԳԵՈՍՏԱՏ-ի՝ Վրաստանում գործազրկության միջին ցուցանիշը կազմում է մոտ 18%՝ որոշ շրջաններում հասնելով 30%-ի: 15-29 տարիքային խմբում գործազրկության մակարդակը տատանվում է 28%-ից մինչև 50%-ի միջակայքում:
ՎԶԵԲ. Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի գործարար առաջնորդների համար գործարկվել է կլիմայի կառավարման հարթակ
Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի ֆինանսական և ոչ ֆինանսական կորպորացիաների խորհրդի անդամներն ու գործադիր ղեկավարներն այժմ կարող են կլիմայի արդյունավետ կառավարման ըմբռնումն ու ներդրումը խթանող գլոբալ ցանցի նոր մասնաճյուղի մաս կազմել։
Կիևի տնտեսագիտության դպրոցի կողմից կազմակերպված «Chapter Zero Ukraine & Caucasus» հարթակն իր տեսակի մեջ ամենանորն է, որը գործարկվել է Կլիմայի կառավարման նախաձեռնության (CGI) հովանու ներքո, որն աշխատում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) հետ համագործակցությամբ և աջակցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից։
CGI-ի ավելի քան 20 ազգային և տարածաշրջանային մասնաճյուղերի գլոբալ ցանցը հիմնադրվել է 2019 թվականին: Այն նպաստում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված Կլիմայի արդյունավետ կառավարման սկզբունքների ներդրմանը:
Նոր մասնաճյուղը կօգնի Ուկրաինայի և Կովկասի տարածաշրջանի գործարար առաջնորդներին կիսվել գիտելիքներով և փոխանակվել կլիմայի հետ կապված ռիսկերի, կառավարման և տեղեկատվության բացահայտման մեխանիզմների վերաբերյալ փորձով, ինչպես նաև քննարկել կորպորատիվ ռազմավարության սահմանման և ներդրումների եղանակները՝ բիզնեսների կողմից ռազմավարականորեն դեպի զուտ զրոյական տնտեսություն շարժմանն համընթաց։
ՎԶԵԲ-ն ու ԵՄ-ն Վրաստանի բանկի և TBC բանկի միջոցով վրացական ընկերություններին կապահովեն անհրաժեշտ միջոցներով
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն Վրաստան այցի ընթացքում տեղի երկու բանկերի հետ ստորագրել է համաձայնագրեր՝ տեղական փոքր բիզնեսի վարկավորման վերաբերյալ։
ՎԶԵԲ-ը 20 միլիոն ԱՄՆ դոլարի նոր վարկեր կտրամադրի Վրաստանի բանկին և TBC բանկին՝ օգնելու տեղական ընկերություններին բարձրացնել իրենց մրցունակությունը և ներդրումներ կատարել արդիականացման, այդ թվում՝ կանաչ տեխնոլոգիաների մեջ:
Այս ֆինանսավորումն իրականացվում է «ԵՄ-ն բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում՝ դրոշակակիր ծրագիր, որը վարկառուներին հնարավորություն է տալիս ավելի հաջող զարգացնել արտադրությունը և առևտուրը միջազգային շուկայում, ինչպես նաև զարգացնել բնապահպանամետ գործելակերպ:
ՄՓՄՁ-ները կարող են ստանալ տեղական արժույթով դրամական միջոցներ և օգտվել խրախուսական դրամաշնորհային ֆինանսավորումից, ինչպես նաև «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող միջազգային խորհրդատուների տեխնիկական աջակցությունից: Վրացական ընկերությունները կկարողանան բարելավել իրենց արտադրողականությունը, մրցունակությունը և իրենց աշխատակիցների աշխատանքային միջավայրը։
Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից երիտասարդ դիվանագետները միանում են պիլոտային Եվրոպական դիվանագիտական ակադեմիային
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը սկսել է լիարժեք Եվրոպական դիվանագիտական ակադեմիա ստեղծելու պիլոտային ծրագիր:
Իննամսյա ծրագրին մասնակցելու համար ընտրվել է ԵՄ անդամ երկրներից, Ուկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից, Թուրքիայից, Արևմտյան Բալկանների երկրներից և ԵՄ կառույցներից 42 երիտասարդ դիվանագետներից բաղկացած առաջին խումբը: Նրանք կանցնեն ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ վերապատրաստում՝ նպատակ ունենալով ձեռք բերել հմտություններ և կարողություններ՝ խթանելու և արդյունավետորեն պաշտպանելու ԵՄ սկզբունքներն ու շահերն աշխարհում:
Սեպտեմբերի սկզբին Լեհաստանի Նատոլին քաղաքի Եվրոպայի քոլեջում թիմի ձևավորման նախնական աշխատաշրջանից հետո Բրյուգեում (Բելգիա) տեղակայված Եվրոպայի քոլեջի կամպուսում կմեկնարկի հիմնական ծրագիրը:
Այն կլրացվի կանոնավոր ճանաչողական այցերով Բրյուսելում տեղակայված եվրոպական հաստատություններ, ինչպես նաև եվրոպական արտաքին և անվտանգության քաղաքականությանն առնչվող կազմակերպություններ, ինչպիսին է ՆԱՏՕ-ն:
Ողջ ուսումնական տարվա ընթացքում մասնակիցները կունենան միասին ապրելու, սովորելու և աշխատելու հնարավորություն։
ՔՈՎԻԴ-19. «Team Europe» նախաձեռնությունը 2020-2021 թվականներին իր գործընկերներին տրամադրել է 47,7 միլիարդ եվրո՝ ի օգնություն համավարակի դեմ պայքարին
2020 թվականի սկզբին ՔՈՎԻԴ-19-ի բռնկումից ի վեր ԵՄ-ն, դրա անդամ պետությունները և եվրոպական ֆինանսական հաստատությունները, միասին հանդես գալով որպես «Team Europe» նաաձեռնություն, 47,7 միլիարդ եվրո են հատկացրել գործընկեր երկրներին՝ աջակցելով համավարակի դեմ պայքարին և դրա հետևանքների հաղթահարմանը։
Ըստ Եվրոպական հանձնաժողովի մամուլի հաղորդագրության, այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է 2020 թվականի գարնանը Team Europe-ի շրջանակում խոստացված աջակցության նախնական 20 միլիարդ եվրոյի փաթեթը, որն այժմ մեծացել և հասել է մինչև 53,7 միլիարդ եվրոյի:
2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ԵՄ Հարևանության տարածաշրջանը, որն ընդգրկում է ԵՄ անմիջական արևելյան (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) և հարավային հարևաններին, ստացել է 13,6 միլիարդ եվրո՝ խոստացված 15,6 միլիարդ եվրոյից:
Մինչև նոյեմբերի 1-ն ընդունվում են դիմումներ Վրաստանում ԵՄ լրագրության մրցանակի համար
Վրաստանյան լրագրողները մինչև նոյեմբերի 1-ը ժամանակ ունեն իրենց աշխատանքները ԵՄ լրագրության մրցանակ 2022-ին ներկայացնելու համար։
2012 թվականին Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից հիմնադրված մրցանակը խրախուսում է վրաստանցի լրագրողների արհեստավարժությունն ու էթիկական վարքագիծը: Կոնֆլիկտազգայուն լրագրության համար հատուկ մրցանակը շնորհվում է վստահության ամրապնդմանը և խաղաղությանը նպաստող լրատվամիջոցներին և հանձնվում է Եվրոպական միության դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) կողմից:
Այս տարի մրցանակը ներառում է նոր անվանակարգ՝ լավագույն ուսանողական աշխատանքի համար:
ԵՄ լրագրության մրցանակը կշնորհվի ութ անվանակարգերում.
• տպագիր կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված լավագույն նյութ.
• հեռարձակվող կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված լավագույն ռեպորտաժ.
• տպագիր, առցանց կամ հեռարձակվող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն հետաքննական նյութ.
• տպագիր, առցանց կամ հեռարձակվող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն բլոգային նյութ, կարծիք կամ սյունակ.
• տպագիր, հեռարձակվող կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված ամենանորարար և ինքնատիպ նյութ.
• լավագույն վավերագրական լուսանկար, որն արտացոլում է ԵՄ արժեքները (մարդու իրավունքներ, ներառյալ փոքրամասնությունների իրավունքները, սոցիալական արդարություն, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանք, խոսքի ազատություն, ժողովրդավարություն, հավասարություն և օրենքի գերակայությունը) և հրապարակվել է տպագիր կամ առցանց մամուլում.
• լավագույն կոնֆլիկտազգայուն լրագրողական աշխատանք, որը նպաստում է Վրաստանում զինված հակամարտությունների համատեքստում վստահության ամրապնդմանը և խաղաղությանը (ԵՄԴԱ հատուկ մրցանակ խաղաղության լրագրության համար).
• տպագիր, առցանց կամ հեռարձակվող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն ուսանողական աշխատանք։
Կոնֆլիկտազգայուն լրագրության համար ԵՄԴԱ-ի հատուկ մրցանակակիրը կստանա Լոնդոնի Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի 30-օրյա կրթաթոշակ, իսկ մյուս հաղթողները՝ դրամական մրցանակներ:
Բոլոր հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 1-ը:
Գրանցվե՛ք հիմա և մասնակցե՛ք EU4Youth-ի օրեր 2022-ին
Մեկնարկել է այս տարվա հոկտեմբերի 11-12-ը կայանալիք EU4Youth-ի օրերի համար գրանցումը, որն առաջին անգամ մեկ տեղում կհավաքի Արևելյան գործընկերության տարածաշրջանի, Արևմտյան Բալկանների և Թուրքիայի, ինչպես նաև ԵՄ Հարավային հարևան երկրների երիտասարդական աշխատողներին և մասնագետներին, քաղաքականություն մշակողներին և հետազոտողներին:
Երկօրյա միջոցառումը հնարավորություն կտա քննարկել երիտասարդների մասնակցությանը և երկխոսությանը, երիտասարդների զբաղվածությանը և ձեռներեցությանը, կանաչ անցմանը և թվայնացմանը վերաբերող հարցեր: 2022-ը որպես Երիտասարդության եվրոպական տարի հռչակելն ընդգծում է երիտասարդության կարևորությունն ավելի լավ՝ ավելի կանաչ, ավելի ներառական և ավելի թվային ապագա կառուցելու գործում։
EU4Youth-ի օրերի առաջին օրը կենտրոնանալու է իրենց իսկ դիմակայունությունը զարգացնելու նպատակով երիտասարդության կարողությունների ամրապնդման հարցի վրա, և բոլոր երեք տարածաշրջանները ներկայացնող մասնակիցները կկիսվեն երիտասարդների հետ գործընկերային հարաբերություններ ստեղծելու վերաբերյալ փորձով՝ իրենց վրա ազդող մարտահրավերներին արձագանքելու համար: Միջոցառման այս հատվածը տեղի է ունենալու Բրյուսելում, իսկ առցանց մասնակցության հնարավորություն կունենան միայն գրանցված մասնակիցները։
Երկրորդ օրը կանցկացվի ամբողջովին առցանց ձևաչափով։ Մասնակիցները վիրտուալ տարածքում կարող են կիսվել և ներկայացնել ԵՄ-ում և նրա սահմաններից դուրս երիտասարդների աջակցությանն առնչվող թեմաների լայն շրջանակի վերաբերյալ առաջավոր փորձով։
Այցելեք EU4Youth-ի օրերի վեբկայքը՝ մանրամասների և առցանց մասնակցության գրանցման համար:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։