Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խստորեն դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Աբխազիա
Այս մասին Ղարիբաշվիլին հայտարարել է սոցցանցերում։
«Ես խստորեն դատապարտում եմ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը օկուպացված Աբխազիա և հանդիպումները Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի հետ։ Այս քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը, հակասում է ինչպես միջազգային իրավունքին, այնպես էլ մեր երկրների երկկողմ հարաբերություններին»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ոչ պաշտոնական այցով Աբխազիայում է։ Այս մասին հայտնում է «Echo of the Caucasus» հրատարակությունը՝ հղում անելով Սուխումի իր աղբյուրներին։
Սոցցանցերը հրապարակում են ավտոշարասյան տեսագրությունները, որոնք շրջում են Աբխազիայում՝ ճանապարհային ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ։
AMPA-life Telegram ալիքը գրում է, որ «բարեկամ երկրի նախագահի ավտոշարասյունն արդեն անցել է Գագրայով»։ D News Abkhazia-ն ենթադրում է, որ «հյուրի հանդիպումը կկայանա Պիցունդայում»։
Սեպտեմբերի 26-ին Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում էր Սոչիում և հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
2022 թվականի փետրվարին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ չի բացառում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը։
«Հենց ես հասկանամ, որ [Ռուսաստանի Դաշնության] նախագահն ինձ կասի, որ դրա անհրաժեշտությունը կա», – ասել է Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այնուհետև ասել էի, որ Կրեմլը որևէ ազդանշան չի ուղարկի Ալեքսանդր Լուկաշենկոյին Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, ինչպես նաև Ղրիմը որպես ռուսական տարածաշրջան ճանաչելու վերաբերյալ։
2021 թվականի օգոստոսին Լուկաշենկոն բացատրել է, թե ինչու չի ճանաչում Հարավային Օսիան և Աբխազիան։ Նրա խոսքով՝ Արեւմուտքը Մինսկին սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներով, եթե ճանաչվի այս ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միաժամանակ, Բելառուսի ղեկավարը «վատ փաստ» է անվանել, երբ «Օսիան պոկվել է Վրաստանից»։
Օգոստոսի 30-ին Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ։ Ավելի վաղ Բժանիան հայտարարել էր, որ Աբխազիան պատրաստ է միանալ Ռուսաստանի, Բելառուսի և այլ երկրների միութենական պետությանը, որը կարող է ձևավորվել Ուկրաինայի պատերազմից հետո։ Միաժամանակ, Աբխազիայի ղեկավարը հավելել է, որ Աբխազիան պաշտոնական կապեր չունի Բելառուսի ղեկավարության հետ։