Ինչ զինատեսակ է Հնդկաստանի կողմից Հայաստանին վաճառված «Pinaka»-ն և ինչ արժե

Ինչ զինատեսակ է Հնդկաստանի կողմից Հայաստանին վաճառված «Pinaka»-ն և ինչ արժե

Հնդկական «The Economic Times»-ն այսօր գրել է, որ Հնդկաստանը Հայաստանին հրթիռներ ու զինամթերք մատակարարելու նշանակալի պատվեր է ստացել։

«Pinaka»-ն նախագծվել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության (DRDO) կողմից, որը պետական հիմնարկ է եւ ենթարկվում է այդ երկրի ՊՆ-ին։ Իսկ արտադրությամբ զբաղվում են տեղական մասնավոր ընկերությունները (այդ թվում՝ «Tata Power», «Larsen & Toubro», «Solar Industries» եւ այլն)։ Հայտնում է Hetq-ը։

«Pinaka»-ի նախագծումը սկսվել է 1980-ականներին, ինչի վերջնարդյունքում այս համակարգը փոխարինելու է խորհրդային/ռուսական «Գրադ» ՀԿՌՀ-ին։ Ծրագրվում էր, որ 1994-ից սկսած ամեն տարի հնդկական բանակը պետք է համալրվեր «Pinaka»-ի մեկ գնդով։ «The Economic Times»-ը նշում է, որ Հնդկաստանի բանակը վերջերս «Pinaka» համակարգերի եւս 6 գնդի պատվեր է տվել: Յուրաքանչյուր գունդ ներառում է 3 մարտկոց, որոնցից ամեն մեկում կա 6 ՀԿՌՀ, գումարած ռեզերվը։ Այսինքն՝ հնդկական չափանիշներով «Pinaka»-ի մեկ գնդում կա առնվազն 18 արձակող կայան, բացի դրանից՝ գունդը ներառում է սպասարկող մեքենաները, ռադար եւ հրամանատարական կետ։

Հնդկական այս ՀԿՌՀ-ն ունի 122 մմ եւ 214 մմ տարբերակներ, որոնցից առաջինը համապատասխանում է ռուսական «Գրադին», իսկ երկրորդը մոտ է ռուսական «Ուրագանին», որի տրամաչափը 220 մմ է։ Մեկ արձակող կայանը կարող է 44 վայրկյանում 12 հրթիռ արձակել (համեմատության համար նշենք, որ «Գրադը» 20 վրկ-ում արձակում է 40 հրթիռ)։ Կախված տարբերակներից՝ «Pinaka»-ի հրթիռի առավելագույն խոցման հեռավորությունը 37,5-ից մինչեւ 75 կմ է («Գրադի» պարագայում առավելագույն հեռավորություն է նշվում 42 կմ-ն)։ Նկատենք, որ «Pinaka»-ի որոշ տարբերակներ 2021-ի դեկտեմբերի դրությամբ գտնվում էին փորձարկման կամ նախագծման փուլում։

«The Economic Times»-ը նշել է, որ ներկայում փորձարկման փուլում են գտնվում «Pinaka»-ի ընդլայնված հեռահարության (extended range, ER) հրթիռները։ Խոսքն, ըստ էության, «Mk-II ER»-ի մասին է, որի հեռահարությունը, ըստ տեղեկությունների, 90 կմ է։

Ըստ Wikipedia-ի տվյալների Pinaka-ի մեկ համակարգի արժեքը կազմում է 19,5 կրոն (2,4 միլիոն ԱՄՆ դոլար):