Հյուսիսային Օսեթիայի Վերին Լարս անցակետում ռուս-վրացական սահմանին իրավիճակը նորմալացել է, ոտքով սահմանը հատել ցանկացողների հերթեր չկան, մեքենաների հերթը ձգվում է 2 կմ և կանգնած են մեկ շարքով
Նման տեղեկություն սահմանից փոխանցել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության թղթակիցը։
Կայքի տեղեկություններով՝ Ռուս-վրացական սահմանը հատելուն սպասում է մինչև 4800 ավտոմեքենա, որից մոտ 3000-ը՝ թեթև մարդատար ավտոմեքենաներ են։
«Այսօր անցուղու տարածքում մոտ 3000 թեթև մարդատար ավտոմեքենա և մոտ 1500 բեռնատար է սպասում»,- ասել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Նրա խոսքով, վերջին երկու օրվա ընթացքում Ռուսաստանից Վրաստան է մեկնել ավելի քան 20 հազար մարդ։
Հյուսիսային Օսիայի ղեկավարն ասել է, որ անձամբ է վերահսկում Վերին Լարսի և անցակետի մուտքերի իրավիճակը կայունացնելու աշխատանքները։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի այլ շրջաններից տրանսպորտային միջոցների մուտքը Հյուսիսային Օսիա սահմանափակելու որոշումից հետո «սահմանը հատել ցանկացողների հոսքը կտրուկ նվազել է»։
Մենյայլոն նաև նշել է, որ նախօրեին իրավիճակը սահմանին «մոտ էր կրիտիկականի»՝ բազմաթիվ կիլոմետրանոց խցանումներ, որոնց սպասելը կարող էր մի քանի օր ձգվել, ինչին շատերը պատրաստ չէին։ «Հերթում ջուր, սնունդ, դեղորայք չկար։ Մենք խնդիրը լուծում ենք համապարփակ կերպով, և դա արդեն տալիս է իր պտուղները»,- գրել է Մենյայլոն Telegram-ի իր ալիքում։
Հյուսիսային Օսիայի իշխանությունները հայտնում են սահմանի մուտքերի մոտ «կենսապահովման քաղաքի» բացման մասին, որտեղ կան վրաններ հանգստի և ուտելու համար, շարժական սարքեր, լիցքավորելու հնարավորություն և բժշկական մոդուլ։ Շտապօգնության երկու բրիգադներ շուրջօրյա անցնում են հերթի երկայնքով: Բացի այդ, Վլադիկավկազի քաղաքային վարչությունը սկսել է տարածքի մաքրման աշխատանքները։
The Insider-ը, հղում անելով իր աղբյուրին, հաստատում է, որ սահմանը ոտքով հատելու հնարավորությունը փակվել է սեպտեմբերի 29-ի գիշերը, թեև երեկ թունելներում «մարդկանց կուտակումներ» են եղել։
Երեկ սահմանը թույլատրվել է հատել միայն մեքենաներին ու ավտոբուսներին։ Միևնույն ժամանակ բոլոր նրանց, ովքեր գիշերը հերթ են կանգնել և ոտքով առաջացել, նրանց նույնպես ներս են թողել։
Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան կարող են կրկին մեկնել միայն տրանսպորտի վարորդներն ու ուղևորները՝ բեռնատար, մարդատար և թեթև մարդատար ավտոմեքենաներ։