Հանրակրթական դպրոցների վարչական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով:Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Կրթության և գիտության նկատմամբ հոգատարությունը մեր հիմնական առաջնահերթությունն է։ Բարձրանում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերն ու նպաստները, ինչպես նաև մանդատուրների աշխատավարձերը։ Հանրակրթական դպրոցների վարչական անձնակազմի աշխատավարձերը կբարձրանան 10 տոկոսով, սա կազդի բոլոր քաղծառայողների վրա:Նաև կբարձրացնենք միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ժամավճարը»,- ասաց նա:
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ քաղաքապետարանների ավելացված եկամուտների շրջանակներում հնարավոր կլինի բարձրացնել մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը, ինչն արդեն իսկ նախատեսված է բյուջեով։ Նախատեսվում է նաև հանրակրթական դպրոցների վերականգնում:
«Սկսում ենք 500-ից ավելի հանրակրթական դպրոցների վերականգնման ու կառուցման աշխատանքները։ Ինչպես գիտեք, մենք ծրագիր ենք կազմել,ըստ որի՝ 800 դպրոց շատ ծանր, անմխիթար վիճակում է, սրա համար շատ մեծ գումարներ են հատկացվել՝ մոտ մեկ միլիարդ լարի 3 տարվա ընթացքում։ Այդ նպատակով 2023 թվականին բյուջեով նախատեսված է 300 մլն լարի։ Հունվարից կսկսվի 500 դպրոցի վերականգնումը»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը: