ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայի չորս շրջանների անօրինական բռնակցման։
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ պատժամիջոցների թիրախ է դարձել ռուսական ռազմարդյունաբերական համալիրը։ Մասնավորապես, երկու միջազգային մատակարար ընկերություններ, ռուսական ֆինանսական կառույցների երեք ղեկավարներ, այդ թվում՝ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբյուլինան։ «Սև ցուցակում» ընդգրկվել են ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամներ, այդ թվում՝ Սերգեյ Շոյգուի, Դմիտրի Մեդվեդևի, Միխայիլ Միշուստինի, Վալենտինա Մատվիենկոյի ընտանիքները, ինչպես նաև 278 ռուս օրենսդիրներ։
«Մենք մի կողմ չենք կանգնի, քանի դեռ Պուտինը խաբեությամբ փորձում է անեքսիայի ենթարկել Ուկրաինայի մասերը։ Ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ կառավարությունը ուժեղ գործողություններ են ձեռնարկում Ռուսաստանի առանց այն էլ դեգրադացված ռազմարդյունաբերական համալիրն ավելի թուլացնելու և անօրինական պատերազմ վարելու նրա կարողությունը խաթարելու համար»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը։
Ըստ Ելենի՝ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չեն վարանի կոշտ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս գտնվող անձանց և ընկերությունների դեմ, որոնք կապված են այս պատերազմի և այդ կեղծ «հանրաքվեների» հետ։
Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու անջատողականների առաջնորդներն այսօր ստորագրել են Խերսոնի, Զապոռոժյեի, Դոնեցկի և Լուգանսկի օկուպացված տարածքները Ռուսաստանի կազմ մտնելու «պայմանագրերը»։
ԵՄ երկրները նախնական համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի վերաբերյալ։ «Reuters» գործակալությունը համապատասխան տեղեկատվություն է տարածում դիվանագիտական երեք աղբյուրների հիման վրա։
Այս շաբաթվա սկզբին Եվրահանձնաժողովը խորհուրդ տվեց Խորհրդին՝ լրացուցիչ առևտրային սահմանափակումներ մտցնել և ընդլայնել սև ցուցակը, ինչպես նաև քննարկել ծովով տեղափոխվող ռուսական նավթի գնի սահմանաչափի սահմանման հարցը։
Ինչպես գրում է «Reuters»-ը, Եվրամիության անդամ 27 երկրների դեսպաններն ուրբաթ օրը Բրյուսելում քննարկել են այս նախաձեռնությունը եւ նախնական «կանաչ լույս» վառել։ Ինչպես եւ սպասվում էր, պատժամիջոցների վերջնական հաստատումը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Պատժամիջոցները սահմանելու համար դրան պետք է աջակցեն ԵՄ բոլոր անդամները: Հունգարիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենաակտիվ հակառակորդն է: