Ուսուցչի աշխատանքը բարդ և պատասխանատու աշխատանք է, և ոչ բոլորը կարող են ուսուցիչ դառնալ։ Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի միջազգային օրն է։
Ուսուցչի օրը բոլոր մանկավարժների, դասախոսների և դաստիարակների մասնագիտական տոնն է:
Ռադիո NOR-ը այսօր նյութ է պատրաստել աշխարհագրության ուսուցչուհի Վարդանուշ Սեյրանյանի մանկավարժական գործունեության մասին։
Վարդանուշ Սեյրանյանը ծնվել է 1967 թվականին Նինոծմինդայում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Երևան քաղաքում։ Ավարտել է Պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը։ 1992 թվականից մինչ օրս աշխատում է թիվ 1 դպրոցում որպես աշխարհագրության ուսուցչուհի՝ կրթելով և դասավանդելով սերունդների։
«Մանկուց սիրել եմ ուսուցչի մասնագիտությունը, սիրում եմ աշակերտներին, իմ առարկան, դպրոցը։ Եթե երկրորդ անգամ ինձ հարցնեին, թե ինչ մասնագիտություն կընտրեիր, նորից կընտրեի ուսուցչի մասնագիտությունը։ Ես երբեք չեմ հոգնել իմ աշխատանքից և հպարտ եմ իմ աշխատանքով»,- ասում է Սեյրանյանը։
30 տարվա փորձ ունեցող ուսուցիչը հիշում է հետաքրքիր պահեր՝ կապված դպրոցի և աշակերտների հետ, նա երախտապարտ է այն աշակերտներին, ովքեր ընդունել են այն, ինչ ստացել են դասերին և գնահատում են ուսուցչի աշխատանքը։
Ուսուցիչ Վարդանուշ Սեյրանյանի խոսքով, ուսուցչի աշխատանքը գնահատվում է ոչ միայն պետության, այլ նաև աշակերտների կողմից: Ինձ թվում է, որ աշակերտի հոգին լավ հասկանալու համար ուսուցիչը պետք է առաջին հերթին հոգեբան լինի։ Հիմա պետությունը մեզ ավելի շատ հնարավորություններ է տվել մակարդակը բարձրացնելու, լավ աշխատավարձ ստանալու համար։
Վարդանուշ Սեյրանյանը ներկայումս ավագ ուսուցիչ է։ Աշխատել է Հայաստանի Աբովյանի անվան դպրոցում, Մ.Արագյալ գյուղի, Սպասովկա գյուղի դպրոցներում։ Եվ երկար տարիներ նա աշխատում է Օրլովկա գյուղի և Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում։
Ուսուցչի օրը առանձնահատուկ տոն է, այն նվիրված է մարդկանց, որոնց ջանքերի շնորհիվ երեխաները ձեռք են բերում գիտելիքներ, սովորում հաղորդակցություն, ուշադրություն և համբերություն, ինչպես նաև բացահայտում են իրենց մեջ նոր տաղանդներ։
Լավ ուսուցիչը ոչ միայն սովորեցնում է, այլեւ դաստիարակում է նոր սերունդ, հետեւաբար անհնար է գերագնահատել ուսուցչի կարեւոր դերը յուրաքանչյուր մարդու կյանքում։
Տոնի պատմությունը
Ուսուցչի օրը տոն է ամենակարևոր և հարգված մասնագիտության տեր մարդկանց համար։ Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես հաստատել է տոնը 1994 թվականին՝ կրթության և զարգացման մեջ մանկավարժների դերի մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Ուսուցչի օրը առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու ուսուցիչներին իրենց անգնահատելի աշխատանքի համար, ինչպես նաև առիթ է ուշադրություն դարձնելու ուսուցիչների խնդիրներին ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակով։