Ռուս իրավապաշտպանին թույլ չեն տվել հատել Լարսի սահմանը

Ռուս իրավապաշտպանին թույլ չեն տվել հատել Լարսի սահմանը

ՌԴ Մարդու իրավունքների քաղաքացիական կոմիտեի և Հյուսիսային Կովկասում Մարդու իրավունքների հանձնաժողովի ավագ տեսուչ Ռուսլան Կամբիևը չի կարողացել հատել ռուս-վրացական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը։

Kavkaz.Real պարբերականի փոխանցմամբ, Կամբիևը նախատեսում էր մասնակցել հոկտեմբերի 7-9-ը Քոբուլեթիում կայանալիք ֆորումին։

Ըստ Կամբիևի՝ ինքն անցակետում վրացի սահմանապահներին ցույց է տվել միջոցառման համապատասխան փաստաթղթերը` որպես իր այցի աշխատանքային բնույթի ապացույց, բայց դրանից հետո էլ թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Այժմ իրավապաշտպանը սահմանի «չեզոք գոտում» է գտնվում:

«Անցակետում գտնվող Հյուսիսային Կովկասի բոլոր բնակիչներին ուղարկում են թիվ 222 սենյակ, որտեղ նկարում են նրանց դեմքերը, փաստաթղթերն ու հեռախոսները։ Քաղցած, սառած մարդիկ` հաճախ փոքր երեխաների ու հիվանդ, տարեց ծնողների հետ, օրերով կանգնած են Ռուսաստանի և Վրաստանի միջև` չեզոք տարածքում»,- ասել է իրավապաշտպանը։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Կամբիևին թույլ չեն տվել Վրաստան մուտք գործել Վրաստանից չվերահսկվող Աբխազիա կատարած այցի պատճառով։

Tbilisi-life Telegram ալիքը գրել է, որ Կամբիևը հացադուլ է սկսել ռուս-վրացական սահմանի «չեզոք գոտում»։aliq.ge