Վրաստան-Հայաստան սահմանին բացվել է «Նինոծմինդա» արդիականացված ավտոմոբիլային մաքսային անցակետը։
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, մաքսային վարչության պետ Լևան Կակավան, ՀՀ եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Վրաստանի և Հայաստանի այլ պաշտոնյաներ։
Նինոծմինդայի համայնքային ռադիո NOR-ի լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել բացման արարողությանը չնայծ, որ խոստացել են թողնել բացման պաշտոնական արարողությանը : Սակայն լրագրողները դրսում և այն էլ հեռվից են լուսանկարել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, ժամանակակից մաքսային ենթակառուցվածքի զարգացումը և մաքսային ընթացակարգերի արդյունավետ ներդրումը երկրի կարևոր առաջնահերթություններից են։
Հավելենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի հետ սահմանին գտնվող Նինոծմինդայի մաքսային անցակետը տեղափոխվել է կառավարման տեղեկատվական նոր համակարգ։
Վրաց-հայկական սահմանի երկարությունը 224 կիլոմետր է։ Բացի Նինոծմինդայից, սահմանին կա ևս երկու մաքսակետ՝ Սադախլոն և Գուգուտին։
«Նինոծմինդա» մաքսային անցակետում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների, մարդատար և թեթև մեքենաների համար կազմակերպվել է 11 ելք՝ հագեցած ժամանակակից կառավարման համակարգերով։ Անցակետում աշխատելու է մոտ 70 մաքսավոր։ Ամեն օր երկու ուղղություններն էլ նախատեսված են առնվազն 600 բեռնատար, 3000 ավտոմեքենա և 8000 ուղևոր տեղափոխելու համար։