Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Նինոծմինդա է այցելել Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Կոբա Գաբունիան։
Նրա այցի նպատակը Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի նախագծով իրականացվող աշխատանքների մշտադիտարկումն էր։ Մասնավորապես, Նինոծմինդայում այս նախագծով անցած տարվանից աշխատանքներ են տարվում Հայոս Քարթլոս զբոսայգու և Կենտրոնական զբոսայգու վերականգնման ուղղությամբ, որոնք, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով, պետք է ավարտվեն հոկտեմբերի վերջին։
Հայոս Քարթլոս այգին և մշակութային կենտրոնի բակը արդեն շահագործման են հանձնվել, սակայն կան մանր գործեր, որոնք արվում են։ Օրինակ՝ փոխվում են մշակույթի կենտրոնի բակի տաղավարների սալիկները, որոշ նստարանների տախտակները , այգու լույսերը պետք է ամրացվեն եւ այլն։
«Երկու օր առաջ մենք հանդիպում ունեցանք պարոն Կոբայի հետ, որտեղ մանրամասն քննարկեցինք բոլոր նախագծերը։ Իսկ հետո փոխնախարարն այցելել է մարզեր, որտեղ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում»։ – ասաց Անիվարդ Մոսոյանը։
Այսօր շրջայցին ներկա էին փոխնախարարը, խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, «Սաբա Քոնսթրաքշն» ընկերության ներկայացուցիչներ, ովքեր այս աշխատանքներն իրականացնում են և այլոք։
«Մեր բնակիչներին խնդրում եմ հոգ տանել քաղաքի մասին, չթափել: Որովհետև սա մեր քաղաքն է, և մենք պետք է հոգ տանենք դրա մասին այնպես, ինչպես հոգ ենք տանում մեր տների մասին»: -Մեզ հետ զրույցում ասաց Անիվարդ Մոսոյանը։