Միգրանտների Վրաստան հոսքի անդրադարձը ուսանողների ֆինանսական վիճակի վրա

Միգրանտների Վրաստան հոսքի անդրադարձը ուսանողների ֆինանսական վիճակի վրա

Աշխարհաքաղաքական իրադրությամբ պայմանավորված, վերջերս մեծացել է ռուս և ուկրաինացի փախստականների ներհոսքը Վրաստան, և բնականաբար` շարունակում է առաջնային խնդիր մնալ Վրաստանի մեծ քաղաքներում, և հատկապես մայրաքաղաք Թբիլիսիում բնակարանների վարձավճարի թանկացումը։

Փորձագետները պարզաբանում են. քանի որ օտարերկրացիների մեծ հոսքը համընկավ Վրաստանի բուհերում 2022-2023–ականների ուսումնական տարվա սկզբին, բնակարանների վարձույթի գնաճը ազդեցություն ունեցավ հատկապես ուսանողների ֆինանսական վիճակի վրա։

«Ելնելով վիճակագրական տվյալներից, այժմ ավելի շատ ռուսներ ու ուկրաինացիներ են գալիս Վրաստան, քան պատերազմի սկզբում, երբ բնակարաններն սկսեցին թանկանալ։ Շատերը դրական են գնահատում այս իրավիճակը` սա բացատրելով տնտեսական առաջխաղացմամբ, բայց հաշվի չեն առնում, թե քանի ուսանող է այս պահին Թբիլիսիում գտնվում կրթություն ստանալու նպատակով, և  ինչ ահռելի գներով են նրանք բնակարան վարձակալում», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է տնտեսագետ Գիորգի Իսակաձեն։

Մարինա Սուքիասյանը Թբիլիսիի պետական համալսարանի ուսանող է, Թբիլիսի է տեղափոխվել Սամցխե-Ջավախեթիից, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ վաղուց էին տուն վարձել, բայց հենց մտածել են այլ տուն վարձելու մասին, պարզել են, որ գներն է՛լ ավելի են բարձրացել։

«Տունը վարձեցինք սեպտեմբերին, այդ ժամանակ էլ էին տները շատ թանկ. մտածեցինք` զբոսաշրջիկները կգնան, տները կէժանանան, բայց հիմա ավելի են թանկացել։ Միջին վիճակագրական ուսանողը Թբիլիսիում մեկ ամսվա ընթացքում առնվազն 200 լարի է ծախսում, եթե վարձով է ապրում։ Շատերը, չհարմարվելով այս ֆինանսական բարդություններին, չեն գալիս սովորելու, ես էլ ունեմ նման ծանոթներ», — ասում է ուսանողուհին։

Աղջիկը մանրամասնում է, որ ոչ միայն ֆինանսական խնդիրն է պատճառը, այսինքն` բարձր վարձավճարը, այլև շարունակվում է այն արատավոր երևույթը, որ «բնակարանը ուսանողներին են խոստանում, իսկ հետո տրամադրում են օտարերկրացուն»․

«Բազում նման դեպքեր են լինում. դեռ օգոստոսին կամ սեպտեմբերին գալիս են Թբիլիսի, պայմանավորվում և անգամ վարձը վճարում, հետո սեպտեմբերին կամ հոկտեմբերին գալիս են մայրաքաղաք, և պարզվում է` տունն արդեն վարձակալած է, լավագույն դեպքում` վերադարձնում են նախապես տրված գումարը»։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռուսաստանից մեծ թվով փախստականների ներհոսքի շարժառիթը Վրաստան` Ռուսաստանում զորահավաքի մասին հայտարարությունն էր։

Aliq.ge