Համայնքային ակտիվության և քաղաքացիական թվային կրթաթոշակներ

Համայնքային ակտիվության և քաղաքացիական թվային կրթաթոշակներ

Համայնքային ակտիվության և քաղաքացիական թվային կրթաթոշակներ։ Դիմիր և ստացիր 5000 եվրո՝ քո գործունեությանն ի աջակցություն

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող իր կրթաթոշակային ծրագրի 7-րդ փուլը՝ փնտրելով քաղաքացիական ակտիվիստների կամ համապատասխան մտածողությամբ քաղաքացիների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից՝ իր Քաղաքացիական հասարակության կրթաթոշակների ցանցին միանալու համար:

Կրթաթոշակների հիմնական նպատակն է աջակցել նրանց, ովքեր խորը նվիրվածություն են դրսևորում իրենց համայնքներում դրական սոցիալական փոփոխություններ բերելուն՝ զարգացնելով կրթաթոշակառուների՝ համայնքների և իշխանությունների հետ կառուցողականորեն համագործակցելու և ԱլԳ երկրներում բարեփոխումներին նպաստելու կարողությունները։

Ընտրված թեկնածուներին կտրամադրվի համապատասխան ուսուցում և հրահանգավորում, 5000 եվրո՝ համապատասխան գործողությունների իրականացման համար, ինչպես նաև գործնական կապերի հաստատման հնարավորություններ:

Կրթաթոշակները երկու տեսակի են՝ Համայնքային ակտիվության կրթաթոշակներ և Քաղաքացիական թվային կրթաթոշակներ (նախատեսված են հատուկ ՏՏ մասնագետների համար, ինչպիսիք են ինժեներ — ծրագրավորողները, տվյալների մասնագետները, դիզայներները, ովքեր օգտագործում են տեխնոլոգիաներ՝ ի օգուտ համայնքի):

Մրցույթը բաց է Արևելյան գործընկերության երկրների 18 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար, ովքեր ունեն անգլերեն լեզվի լավ իմացություն, քաղաքացիականապես ակտիվ են կամ ունեն համայնքի կարիքների համար տեխնոլոգիական լուծումներ մշակելու ցանկություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 15-ը: Կրթաթոշակների տրամադրման մոտավոր ժամկետը 2023 թվականի հունվարն է:

Ծրագիրն Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագրի կառավարումն իրականացնում է 2017 թվականից։ Ամեն տարի ընտրվում են 20 երիտասարդ քաղաքացիական հասարակության ակտիվիստներ/առաջնորդներ: Ծրագիրն այժմ թևակոխում է ընդլայնված փուլ՝ նպատակ ունենալով բացահայտել և աջակցել ևս 120 կրթաթոշակառուների հաջորդ երեք տարիների ընթացքում:

Իմացիր ավելին

Հայտարարություն

Դիմել

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը հայտարարել է իր նոր կրթաթոշակառուների անունները։ Նոր հայտերի ընդունումը սարերի հետևում չէ

Քվեարկեք Նորարարական ուսուցման և ուսման 2022 թ. մրցանակի համար. Վրաստանից և Ուկրաինայից ներկայացված նախագծերն եզրափակիչ փուլ անցածների թվում են

Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) ընտրել է Նորարարական ուսուցման և ուսման 2022 թ. մրցանակի եզրափակիչ փուլի տասը մասնակիցներին: Ցուցակում ներառված են նախագծեր Վրաստանից և Ուկրաինայից, որոնք ներկայացնում են նորարարական ուսուցման և ուսման լավագույն փորձը:

Ընդհանուր առմամբ, ԵԿՀ-ն ստացել է շուրջ 800 հայտ 50 երկրներից:

Fablabs նախագիծն աջակցում է Վրաստանի ուսուցիչներին և ուսանողներին մասնագիտական կրթության և ուսուցման հարցում՝ զարգացնելով նրանց տեխնիկական հմտությունները՝ միաժամանակ աջակցելով նրանց ստեղծագործալան և ձեռնարկատիրական հմտություններին՝ խրախուսելու նրանց սկսել իրենց սեփական բիզնեսը: Ծրագիրն իրականացվում է Վրաստանի 14 քոլեջներում։

Արտահանման խորհրդատուների զարգացման ծրագիրը (Ուկրաինա) մշակվել և իրականացվել է ուկրաինական բիզնեսի արդյունավետությունն ու միջազգայնացումը բարելավելու նպատակով:

Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 21-ին, իսկ արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 28-29-ին:

ԵՄ ֆինանսավորմամբ անցկացված աշխատաշուկայի ուսումնասիրությունները բացահայտել են Վրաստանում աշխատանք փնտրողների զբաղունակության խոչընդոտները

Վրաստանում իրականացվող «Հմտություններ աշխատանքի համար» (Skills4Jobs) դրամաշնորհային ծրագիրը ներկայացրել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորված` աշխատաշուկայի 12 ուսումնասիրությունների արդյունքները։

Հետազոտությամբ գնահատվել են Վրաստանի մարզային աշխատաշուկաները և բացահայտվել աշխատանք փնտրողների զբաղունակության խոչընդոտները:

Հետազոտությամբ վեր հանված հիմնական խոչընդոտներից մեկը աշխատանք փնտրողների ցածր որակավորումն է, որը հաճախ ուղեկցվում է աշխատանքային փորձի պակասով, նրանց գիտելիքների և հմտությունների սխալ ընկալմամբ և աշխատավարձի չափազանցված ակնկալիքներով:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ աշխատաշուկայի մեկ այլ խնդիր է մարզերից աշխատուժի արտագաղթը։ Մյուս խոչընդոտը հնարավոր գործատուների և ՄԿՈՒ հաստատությունների միջև համագործակցության բացակայությունն է:

«Ներկայացված ուսումնասիրությունները կօգնեն Կրթության և գիտության նախարարությանն ու Հմտությունների գործակալությանը մասնագիտական կրթության քաղաքականության իրականացման գործում: Վստահ ենք, որ ուսումնական հաստատությունները նույնպես հաշվի կառնեն այս ուսումնասիրության արդյունքներն ու առաջարկությունները՝ իրենց հետագա գործունեությունն ու ծրագրերը պլանավորելիս»,- ասել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության Մասնագիտական կրթության զարգացման վարչության ղեկավարի տեղակալ Նաթիա Գվիրջիշվիլին:

Վրաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը Ռաճայում ծանոթացել է ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքին

Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Սիգրիդ Բրետելն այս շաբաթ այցելել է Վրաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի մարզ՝ ծանոթանալու ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքին: Նրան ուղեկցում էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գիորգոբիանին։

Օնիում՝ Ռաճայի շրջանի գլխավոր քաղաքում, նրանք այցելել են հատուկ ըմբիշների համար նախատեսված մարզահամալիր։ Շինարարության ավարտից հետո այն կկարողանա ընդունել 80 պատանի մարզիկների։

Բրետելը և Գիորգոբիանին այցելել են նաև վերականգնված և բարեկարգված ջրային աղբյուրներ և հարակից հանգստի գոտիներ, որոնք նոր հավաքատեղի կդառնան տեղի բնակիչների համար և կմեծացնեն Օնիի զբոսաշրջային ներուժը։

Սիգրիդ Բրետելն այցելել է նաև փայտամշակման արտադրամաս, որը ԵՄ-ից միջոցներ է ստացել մեքենաների և այլ սարքավորումների ձեռքբերման համար։ Արհեստանոցը անցկացնում է ավանդական արհեստների վարպետաց դասեր և պատրաստում հուշանվերներ ու այլ ձեռագործ աշխատանքներ, որոնք արտահանվում են տարբեր երկրներ։ Բրետելն այնտեղ հանդիպել է դանիացի ուսանողների մեծ խմբի, ովքեր սովորում են վրացական ավանդական փայտե կահույք պատրաստել:

ԵՄ-ը դատապարտել է Լուկաշենկոյի այցը Վրաստանից անջատված Աբխազիա

ԵՄ-ն խստորեն դատապարտել է Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանից անջատված Աբխազիա։

Սեպտեմբերի 28-ին Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել էր Աբխազիա, որը Ռուսաստանի աջակցությամբ 2008 թվականին ապօրինի կերպով հայտարարեց Վրաստանից իր անկախության մասին։

«Բացի այն փաստից, որ Լուկաշենկոն չունի որևէ լեգիտիմություն՝ հանդես գալու որպես պետության ղեկավար, այս այցն իրականացվել է առանց Վրաստանի կառավարության համաձայնության, որը միակ օրինական իշխանությունն է Աբխազիայի տարածաշրջանում։ Այս այցը խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և հանդիսանում միջազգային իրավունքի կոպտագույն խախտում»,– ասել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։

ԵՄ-ն նաև վերահաստատել է իր հաստատակամ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Զուգդիդին կստանա 300 հազար եվրո մշակութային զարգացման ռազմավարության իրագործման համար

Զուգդիդի քաղաքը՝ Արևելյան գործընկերության երկրների վեց այլ քաղաքների հետ մեկտեղ, հաղթել է EU4Culture-ի դրամաշնորհային մրցույթում և Եվրոպական միությունից կստանա մինչև 300,000 եվրո՝ իր մշակութային զարգացման ռազմավարության իրագործման համար:

Մրցույթի նախորդ փուլում կարճ ցուցակում ընդգրկված 14 քաղաքներ (յուրաքանչյուր երկրից մինչև երեք քաղաք) ստացել էին 30,000-ական եվրոյի ԵՄ դրամաշնորհ՝ իրենց մշակութային զարգացման ռազմավարությունները պատրաստելու համար:

Ֆինանսական օժանդակությունից զատ, EU4Culture-ն Զուգդիդին կառաջարկի վերջինիս կարիքներին հարմարեցված կարողությունների զարգացման ծրագիր։

EU4Culture-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և աջակցում է մշակույթի ու ստեղծագործական հատվածին՝ կենտրոնանալով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքների վրա: Ծրագիրն իրականացվում է Գյոթե Ինստիտուտի (ղեկավար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի և Վրաստանում Ֆրանսիական ինստիտուտի կողմից:

Դրամաշնորհային հնարավորություն հետաքննող լրագրողների միջազգային թիմերի համար

Հետաքննող լրագրողների աջակցմանն ուղղված ԵՄ ծրագիրը մեկնարկել է մի քանի վերջնաժամկետներով հայտամրցույթ՝ աջակցելու արհեստավարժ լրագրողների և (կամ) լրատվամիջոցների հետաքննողական թիմերին, այդ թվում՝ Վրաստանից և Ուկրաինայից:

Առնվազն երկու արհեստավարժ լրագրողների և (կամ) լրատվամիջոցների թիմերը կարող են լրագրողական հետաքննության առաջարկ ներկայացնել Եվրոպային հուզող և առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ:

​Հայտամրցույթի յուրաքանչյուր վերջնաժամկետի համար ընդհանուր հասանելի գումարը կկազմի մոտ 100,000 եվրո, որը պետք է բաշխվի բոլոր աջակցվող հետաքննությունների միջև:

Դրամաշնորհը կարող է ուղղվել աշխատաժամանակի, ինչպես նաև լոգիստիկայի, ճանապարհորդության, ապահովագրության, իրավական աջակցության, թարգմանությունների, տեխնոլոգիաների և տվյալների շտեմարանների հասանելիության և այլ ծախսերի փոխհատուցմանը։

Ֆինանսական աջակցության հետ մեկտեղ թիմերը կարող են նաև դիմել փորձառու մասնագետի մենթորության համար՝ կենտրոնանալով հետաքննության կամ որոշակի հմտության մասով կոմպետենցիաների անհրաժեշտության վրա:

Այս դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտերի ընդունումը կատարվում է վեց փուլով՝ երկու տարվա ընթացքում (2022-2023 թթ.):

Դիմելու վերջնաժամկետներն են 2022 թվականի նոյեմբերի 10-ը, 2023 թվականի հունվարի 12-ը, 2023 թվականի մարտի 16-ը և 2023 թվականի մայիսի 25-ը:

Հայտերի ընդունում ՎԶԵԲ-ի գրականության մրցանակ 2023-ի համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մեկնարկել է ՎԶԵԲ-ի գրականության մրցանակ 2023-ի համար հայտերի ընդունման գործընթացը։

Մրցանակը կտրվի գեղարվեստական գրականության լավագույն ստեղծագործության ինչպես գրողին, այնպես էլ թարգմանչին, որը բնօրինակով գրվել է ՎԶԵԲ գործունեության երկրներից մեկի լեզվով և թարգմանվել անգլերեն:

ՎԶԵԲ-ի գրականության մրցանակի 2023-ի համար կարող են ներկայացվել միայն եվրոպական (ներառյալ մեծբրիտանական) հրատարակիչների կողմից 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը առաջին անգամ անգլերեն թարգմանված գրքերը՝ գրքի միջազգային ստանդարտ համարով (ISBN) և եվրոպական երկրի արժույթով տպագիր գնով:

20,000 եվրոյի չափով առաջին մրցանակը հավասարապես կբաշխվի հաղթող հեղինակի և թարգմանչի միջև: Երկրորդ տեղը զբաղեցրած երկու գրքերը կստանան 4000-ական եվրո մրցանակ, որը նույնպես հավասարապես կբաշխվի հեղինակի և թարգմանչի միջև:

Կարճ ցուցակը կհրապարակվի 2023 թվականի մարտին: Դրանից հետո՝ 2023 թվականի ապրիլին կհայտարարվեն եզրափակիչ փուլի երեք մասնակիցների անունները: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա ՎԶԵԲ-ի գլխավոր գրասենյակում՝ Լոնդոնում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 30-ը:

ՎԶԵԲ-ի գրականության մրցանակ 2022-ի դափնեկիրն ուկրաինացի ճանաչված գրող և բանաստեղծ Սերհիյ Ժադանի հեղինակած «Որբանոց» գիրքն է։

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · Համայնքային ակտիվության և քաղաքացիական թվային կրթաթոշակներ