«Հնդկական զենքը խնդրահարույց չէ, Վրաստանը դեմ էր միայն ռուսական զենքի տարանցման գոտի լինելուն». վրացի քաղաքագետ. JAMnews

«Հնդկական զենքը խնդրահարույց չէ, Վրաստանը դեմ էր միայն ռուսական զենքի տարանցման գոտի լինելուն». վրացի քաղաքագետ. JAMnews

Հնդկական զենքը Հայաստան մատակարարելու երկու ճանապարհ կա՝ Իրան կամ Վրաստան։ Իրանագետներն ասում են, որ Իրանի հետ քաղաքական խնդիր չի լինի, զենքը կհասնի Հայաստան հնդկական նավահանգստով կամ էլ օդային ճանապարհով։ Ամեն դեպքում, եթե ինչ-ինչ պատճառներով Իրանը դրանից հրաժարվի, ասում է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն, Վրաստանը չի խանգարի հնդկական զենքը իր տարածքով Հայաստան մատակարարելու գործընթացին։

Նրա խոսքով՝ պաշտոնական Թբիլիսին դեմ էր միայն ռուսական զենքի տարանցման գոտի լինելուն․ «Վրաստանում արգելք է դրված ռուսական, կրկնում եմ՝ ռուսական զենքի տարանցման մեր տարածքով՝ ցանկացած երկիր։ Սա օրենք է։ 2008 թվականից հետո Վրաստանի տարածքով ռուսական զենքը ոչ օդային, ոչ էլ ցամաքային տարածքով ՀՀ չի մտնում։ Մենք երկիր ենք, որը բռնել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին։ Ու մենք չենք կարող մեր տարածքը տրամադրել ռուսական զինամթերքի փոխադրմանը։ Իսկ հնդկական զենքը խնդրահարույց չէ մեզ համար, կարծում եմ Իրանի համար ևս»։

Ի՞նչ է «Պինակա»-ն, ինչպես է այն օգտագործվելու

Մինչ այս հնդկական «Պինակա» զինատեսակը կիրառվել է միայն արտադրող երկրի կողմից։

Այն հարձակողական բնույթի է, 44 վայրկանում կարող է 12 հրթիռ կրակել, հրթիռի հեռահարությունը 60 կիլոմետր է, երկարությունը 4950 մմ է, տրամաչափը՝ 214 մմ: Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը թեև ողջունում է զենքի գնման ցանկացած գործարք, բայց ասում է, որ Հայաստանը նույն գնով կարող էր գնել ավելի հզոր զինատեսակներ. «Ցանկացած զենք գնելիս կարևոր է, որ այդ զենքը աշխատի քո երկրի Զինված ուժերում, որ զինծառայողիդ ծանոթ լինի, կարողանան օգտագործել, որ անձնակազմը կարողանա այն սպասարկել՝ վերանորոգել, արտադրամասերը փոխել և այլն։

Հիմա «Պինակա»-ն ՀՀ ԶՈւ-ի համար այս տեսանկյունից փոքր-ինչ խնդրահարույց է։ Մեր զինվորները ծանոթ չեն այս մոդելին, մինչև ծանոթանան ու օգտագործեն երկար ժամանակ կպահանջվի։ «Պինակա»-ի թափքը չեխական է, մեր ԶՈւ տեխնիկական անձնակազմի համար այն սպասարկելը դժվար է, չկան դրան ծանոթ մասնագետներ, չկան պահեստամասեր, որ նորոգեն»։

Բացի այդ, ըստ Վան Համբարձումյանի, կպահանջվեն մեծ գումարներ, որ համակարգերը տեղափոխեն Հայաստան։ ««Պինակա»-ի գինն ընդունելի է, բայց էժան չէ։ Այս գնով կարող էինք գնել չինական զենքեր, որոնք ավելի էժան են, բայց, օրինակ, ունեն հարվածի ավելի մեծ տրամաչափ։ Միևնույն ժամանակ ասեմ, որ Հայաստանում կար նման ռեակտիվ համազարկային կայանքների պակաս, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք կորցրել էինք մեծ թվով նման կայանքներ»,- մանրամասնեց փորձագետը։