Պաշտոնապես բացվել է «Կովկասյան արծիվ 2022» զորավարժությունը

Պաշտոնապես բացվել է «Կովկասյան արծիվ 2022» զորավարժությունը

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ գործողությունների ուժերի զինծառայողները համատեղ վերապատրաստում կանցնեն։

Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Մուխրովանիի մայոր Գելա Ճեդիայի անվան հատուկ նշանակության ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Կովկասյան արծիվ 2022» եռակողմ դաշտային մարտավարական վարժանքների բացման արարողությունը։

Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Իրակլի Ճիճինաձեն և Պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Ղլատեիշվիլին ելույթ են ունեցել և հաջողություն մաղթել մասնակիցներին։

Միջոցառմանը ներկա էին Թուրքիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Բուրաք Ալթիները, Ադրբեջանի ռազմական կցորդ, գնդապետ Ֆուադ Իբրահիմովը, պաշտպանության ուժերի ներկայացուցիչներ։

Դասընթացի նպատակն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից հատուկ նշանակության ուժերի կարողությունների համաժամեցումն ու համակարգումը, փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և բազմազգ միջավայրում հրամանատարության ու վերահսկման բարելավումը:

«Կովկասյան արծիվ 2022» զորավարժություններին մասնակցող հատուկ նշանակության խմբերը կկիսվեն կրակային և բժշկական պատրաստության, բնակեցված տարածքում կռվելու և հատուկ գործողություններ իրականացնելու իրենց փորձով։

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի «Կովկասյան արծիվ 2022» եռակողմ վարժանքն անցկացվում է ամեն տարի, բոլոր երեք երկրներում՝ ռոտացիայի սկզբունքով։ Անցյալ տարի զորավարժությունները հյուրընկալել էր Թուրքիայի Հանրապետությունը։