Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումների «նպատակային սադրանքի» համար՝ «կովկասյան տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս իրավիճակն ապակայունացնելու ջանքերի շրջանակներում», հայտնում է Reuters-ը։
«Այն, ինչ կատարվում է սահմանին վերջին երկու տարիներին… իբր 5000 ռուս զինվոր է հսկում սահմանը, ռուսներն օգտվեցին մի քանի դար տեւած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը եւ վերադարձան թուլացնելու Հայաստանը, որի հետ երբեւէ մոտ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։
Նա հավելել է. «Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք եզակի կապ ունենք: Ադրբեջանը մի քանի գրոհներ է ձեռնարկել սահմանի երկայնքով։ Մենք դատապարտել ենք նրանց։ Մենք հայերին չենք թողնի»։
Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ Պրահայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ինչը, Մակրոնի մատնանշմամբ, առաջին անգամ էր նորագույն պատմության ընթացքում, երբ Հայաստանի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի նախագահին։
Հարցին, արդյոք ԵՄ-ն Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողականության ինչ-որ դիրք ունի, քանի որ գազի մատակարարման համաձայնագիր է ստորագրել, Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան գազ չի գնում Ադրբեջանից։
«Իհարկե, մի քանի եվրոպական երկրներ գազային համաձայնագրեր ունեն։ Բայց ես ձեզ կասեմ Ֆրանսիայի եւ Եվրոպայի ձայնի մասին եւ ասում եմ, որ մեր արժեքներն ու սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով», – եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։