Բևեռային ձմռան դաժան պայմաններում անտարկտիկական արշավախմբի անդամներից մեկը մասնագիտությամբ բժիշկ և վիրաբույժ 27-ամյա Լեոնիդ Ռոգոզովն էր։
Լեոնիդ Ռոգոզով շարքային բժիշկ էր, ով ավարտել էր Լենինգրադի Բժշկական համալսարանը, ծառայել բանակում, և գործուղվել Անտարկտիդա՝ ԽՍՀՄ –ի ուղարկած գիտնականների առողջությանը հետևելու համար։
1961 թվականի ապրիլի 29-ին իր մոտ հայտնաբերել է հիվանդության անհանգստացնող ախտանիշներ՝ թուլություն, սրտխառնոց, մարմնի բարձր ջերմություն և ցավեր զստային հատվածում։ Լինելով 13 մարդուց բաղկացած արշավախմբի միակ բժիշկը, Լեոնիդը ինքնուրույն ախտորոշել է իր հիվանդությունը՝ որդանման ելունի բորբոքում։ Բուժման պահպանողական ռազմավարությունը և միջոցները՝ հանգիստ, սով, տեղական սառեցում և հակաբիոտիկներ, օգուտ չեն տվել։ Հաջորդ օրը մարմնի ջերմությունը էլ ավելի է բարձրացել։ Անտարկտիդայի մոտակա ոչ մի կայանում օդանավ չի եղել, իսկ լինելու դեպքում էլ եղանակի վատ պայմանների պատճառով թռիչքներն անհնարին էին։ Երիտասարդ բևեռախույզի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է եղել շտապ վիրահատություն։ Եվ միակ ելքը ինքն իրեն վիրահատելն էր։
Վիրահատությունը կատարվել է 1961 թվականի ապրիլի 30-ին։ Վիրաբույժին օգնել են օդերևույթաբան՝ Ալեքսանդր Արտեմևը, որը մատակարել է վիրահատական գործիքները և ճարտարագետ-մեխանիկ Զինովի Տապլինսկին՝ որը վիրահատվողի փորի մոտ պահելէր ոչ մեծ, կլոր հայելի ու սեղանի լամպով լուսավորել։ Կայանի ղեկավար Վլադիսլավ Գերբովիչը հերթապահել է, որ եթե բժշկությունից հեռու աշխատակիցները ուշաթափվեին՝ օգներ։
Պառկած վիճակում բժիշկը նովոկաինի լուծույթով կատարել է տեղական անզգայացում, որից հետո զստային հատվածում նշտարով 12 սմ երկարության կտրվածք է արել։ Մերթ օգտվելով հայելուց, մերթ շոշափելով (առանց ձեռնոցների), նա հեռացրել է բորբոքված ելունը, և սրսկել հակաբիոտիկ։ Վիրահատությունը սկսելուց 30-40 րոպե անց սկսել է ընդհանուր թուլություն և գլխապտույտ, որի պատճառով սկսել է կարճ ընդմիջումներ անել։ Բոլոր դեպքերում, 1 ժամ 45 րոպե տևած վիրահատությունը բարեհաջող է ավարտվել։ Հինգ օր հետո մարմնի ջերմությունը նորմալացել է, ևս հինգ օրից քանդել է կարերը։ Մոտ երկու շաբաթից անցել է իր սովորական պարտականությունների կատարմանը:
1962 թվականին վերադարձել է Անտարկտիդայի արշավախմբից Լենինգրադ։ Մեկ տարուց ավարտել է ուսումը օրդինատուրայում։ 1966 թվականի պաշտպանել է թեկնածուական թեզը։ Մինչև 2000 թվականը աշխատել է ԽՍՀՄ, Ռուսաստանի և Բուլղարիայի տարբեր հիվանդանոցներում։ Անտարկտիդայի արշավախմբում տարած գիտական աշխատանքի և այդ ընթացքում քաջություն ցուցաբերելու համար 1961 թվականին պարգևատրվել է Աշխատանքայի կարմիր դրոշի շքանշանով։
Մահացել է թոքի քաղցկեղից 2000 թվականի սեպտեմբերի 21-ին։