Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հիվանդանոցում այցելել է Վակեի այգում տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ վիրավորված 13-ամյա տղային
Կալաձեի խոսքով՝ տուժած երեխայի վիճակը կայուն է։ Ըստ լրատվամիջոցների՝ տղան գտնվում է New Hospital կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական շնչառությամբ։
Երեկ այգու շատրվանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով սրտի կանգից 13-ամյա աղջիկ է մահացել։ Եվս մեկ երեխա գտնվում է Իաշվիլիի կլինիկայում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Լրագրողների հետ զրույցում Կալաձեն եւս մեկ անգամ ցավակցություն է հայտնել մահացած աղջկա ընտանիքին եւ պատրաստակամություն հայտնել օրենքի առաջ պատասխան տալ այն դեպքում, «եթե ինքը ինչ-որ բանում մեղավոր է»։
«Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին, լավ պատկերացնում եմ, թե որքան ծանր է իրավիճակը։ Ես էլ եմ շատ դժգոհ, շատ սարսափելի փաստ է տեղի ունեցել, բոլորի համար ծանր է։ Քննությունը կպարզի ամեն ինչ, և բոլորը, ովքեր մեղավոր են հանցագործության մեջ, պատասխանատվության կենթարկվեն, այդ թվում՝ ես, եթե ես ինչ-որ հանցագործություն եմ կատարել։ Ես պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առաջ»,- ասել է Կալաձեն։
Նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին, Թբիլիսիի քաղաքապետարանը զեկուցել էր Վակեի պուրակի փոքրիկ կասկադի եւ կլոր շատրվանի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին։ Քաղաքապետարանից հայտնում են, որ շատրվանները փոխարինվել են ջրամատակարարման համակարգով և լուսավորությամբ։
Վակեի այգու շատրվանների վերանորոգումը քաղաքապետարանի համար արժեցել է 6,5 մլն լարի (2,3 մլն դոլար): Իսկ այգու ողջ վերականգնման համար նախատեսվում է 33 մլն լարի (մոտ 12 մլն դոլար):
Այգում տեղի ունեցած միջադեպը մեծ հասարակական ընդվզում է առաջացրել՝ քաղաքապետի հրաժարականը սոցիալական ցանցերում պահանջում են ոչ միայն ընդդիմությունը, այլև շարքային քաղաքացիները։ Նրանք քաղաքապետին մեղադրում են կոռուպցիայի և ոչ հմուտ շինարարական ընկերություններին աշխատանքի տեղավորելու մեջ։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես խոստացել է «կոշտ արձագանք» միջադեպին։
ՆԳՆ-ն լրատվամիջոցներին հայտնել է, որ միջադեպը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդու մահվան։ Հոդվածը նախատեսում է պատիժ՝ ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։