Ինչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ-ի փլուզումը Վրաստանի և Հայաստանի վրա

Ինչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ-ի փլուզումը Վրաստանի և Հայաստանի վրա

Խորհրդային Միության փլուզումից ի վեր, Վրաստանը և Հայաստանը անցել են տարբեր, ինչ–որ չափով նաև նման ուղիներ, նշված է «Կովկասյան բարոմետր 2021-ի» հետազոտության մեջ: «Կովկասյան բարոմետր 2021»-ը CRRC-ի իրականացրած սոցիալ–տնտեսական խնդիրների և քաղաքական հայացքների վերաբերյալ տարեկան հետազոտությունն է:

Հետազոտության համաձայն՝ հայերի մեծամասնությունը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը վատ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, մինչդեռ վրացիների գրեթե կեսը կարծում է, որ փլուզումը դրական է ազդել Վրաստանի վրա։

«Կովկասյան բարոմետր 2021-ի»-ի տվյալներով` հետազոտության հիմնական տարբերությունը հենց այստեղ է` ինչպես է հասարակությունը վերաբերվում Խորհրդային Միության փլուզմանը: Հայաստանում ակնհայտ մեծամասնությունը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը վատթարացրել է երկրի վիճակը։

Ամենամյա հետազոտությունը ցույց է տվել, որ ըստ Հայաստանի բնակչության երկու երրորդի (67 տոկոս)` ԽՍՀՄ-ի լուծարումը վատ է ազդել երկրի վրա, մինչդեռ Վրաստանում այդ կարծիքին է բնակչության 38 տոկոսը:

«Եվ Վրաստանում, և Հայաստանում եղել են պատերազմներ, հեղափոխություններ ու տնտեսական վերելքներ, սակայն այս երկու երկրում հիմնական քաղաքական հարցերի վերաբերյալ քաղաքական դիրքորոշումների տարբերություններ կան:

Դրա պատճառով է նաեւ, որ հաճախ տարածվում են սխալ տեղեկություններ։ Վրաստանը, իհարկե, ավելի շահագրգռված է պետական մակարդակով դառնալ եվրոպական ընտանիքի մաս, ինչը պայմանավորված է Խորհրդային Միության փլուզումը դրական իրողություն համարելով, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի բնակիչներն ունեն ռուսամետ կողմնորոշում», — ասում է քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին։

Հետազոտության արդյունքում կազմված հետընթաց մոդելը ցույց է տվել, որ և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում կարծես թե բարձրագույն կրթությամբ մարդիկ ավելի շատ են դրական գնահատում ԽՍՀՄ–ի փլուզումը, քան միայն միջնակարգ կամ միջնակարգ տեխնիկական կրթություն ունեցողները: Երկու երկրներում էլ, տարեցների համեմատ, երիտասարդներն ավելի հակված էին ասելու, որ ԽՍՀՄ փլուզումը դրական փոփոխություն է։

Պատմաբան Գիորգի Մեսխիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ հետխորհրդային երկրներում իրավիճակը գրեթե նույնն է․

«Ելնելով այս հետազոտությունից` կարելի է ենթադրել, որ հետխորհրդային երկրներում իրավիճակը գրեթե նույնն է, երիտասարդները` ապրելով ժամանակակից աշխարհում և ավելի լավ տիրապետելով տեղեկատվությանը, ավելի իրազեկված լինելով, կարող են ազատ մտածել և հասկանալ, թե ինչ լավ ու վատ կողմեր է ունեցել ԽՍՀՄ-ը», — ասում է Մեսխիշվիլին։

Aliq.ge