Ի՞նչու էր սկեսրայրը դանակահարել հարսին. Հայտնի է պատճառը

Ի՞նչու էր սկեսրայրը դանակահարել հարսին. Հայտնի է պատճառը

Սկեսրայրը դանակահարել էր հարսին կանանց նկատմամբ խտրական անհանդուրժողականության և կարծրատիպային հայացքների հիման վրա

Վրաստանի գլխավոր դատախազությունը առանձնակի դաժանությամբ մեղադրանք է առաջադրել Ծղալտուբո քաղաքի բնակչին հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։ Հետաքննության տվյալներով՝ կալանավորը մանկահասակ երեխաների ներկայությամբ դանակի մի քանի հարված է հասցրել իր որդու կնոջը։

Դրա համար նրան սպառնում է 16-ից 20 տարվա ազատազրկում։

Խոսքը հոկտեմբերի 18-ին գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած միջադեպի մասին է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մի կին երեք մանկահասակ երեխաների հետ այցելել է ամուսնու գերեզմանին, որտեղ սկեսրայրը դանակի մի քանի հարված է հասցրել նրան։ Տուժածը հոսպիտալացվել է և վիրահատվել։ Ըստ բժիշկների՝ նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնում։

«Սակուլիա գյուղում մեղադրյալը դանակահարել է իր հարսին մարմնի տարբեր մասերում՝ նրա մանկահասակ երեխաների ներկայությամբ՝ խտրական անհանդուրժողականության և կանանց նկատմամբ կարծրատիպային հայացքների հիման վրա։ Ժամանակին ցուցաբերված բուժօգնության շնորհիվ տուժածը փրկվել է մահից»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։

Քննչական վարչությունը նշում է, որ օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Ոստիկանությունը նույն օրը ձերբակալել է սպանության փորձի մեջ մեղադրվողին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 111-րդ, 19-109-րդ հոդվածի «թ», «կ» և «մ» կետերով (ընտանիքի անդամի սպանության փորձ առանձնակի դաժանությամբ, գենդերային հիմունքներով), որը նախատեսում է. ազատազրկում՝ 16-ից 20 տարի ժամկետով։