Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 24-ին խորհրդարանական մեծամասնության հետ կայացած հանդիպմանը հաստատել է ավելի վաղ կատարած հայտարարությունն այն մասին, որ մեկուկես տարուց կհեռանա քաղաքականությունից:
«Խորհրդարանական ընտրություններում իմ գլխավորած կուսակցության հաղթանակից հետո կարող եմ ասել, որ մեկուկես տարուց կհեռանամ քաղաքականությունից, բայց Վրաստանը չեմ լքի», -ասել է Իվանիշվիլին: Նրա խոսքով` իր գնալուց հետո այնպիսի թիմ է ցանկանում թողնել, որը կիրագործի «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական բոլոր խոստումները, գրում է «Նովոստի Գռուզիան»:Միեւնույն ժամանակ Բիձինա Իվանիշվիլին խորհրդարանական փոքրամասնությանը կառուցողական համագործակցության կոչ է արել: Նա խոստացել է առավելագույնս հաշվի առնել նրանց կառուցողական կարծիքները, հաղորդում է «ինտերպրեսնյուզը»:Ըստ նրա՝ լավ կլինի, եթե կառուցողական ընդդիմություն լինի, քանի որ երկրի զարգացմանը պետք է նպաստի ինչպես մեծամասնությունը, այնպես էլ փոքրամասնությունը: «Մենք չենք ցանկանում պատժել որեւէ մեկին, սակայն խախտում կատարողները պատասխան կտան օրենքի առաջ: Չնայած որ մեր հայացքների միջեւ կան էական տարբերություններ, մենք առավելագույն կառուցողականության ենք պատրաստ », – հայտարարել է Իվանիշվիլին:Ապագա վարչապետը նաեւ վստահեցրել է, որ չի լինի «օրենքով գողերի» ոչ մի վերադարձ, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»: Ըստ Իվանիշվիլիի գնահատման՝ Սահակաշվիլիի կառավարությունը կարողացել է հաղթել կաշառակերությանը ցածր եւ միջին խավերում, սակայն փոխարենը հասարակությունն «ստացել է էլիտար կաշառակերություն»: NEWS.am