Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 22֊ին ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում, որի անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին ու նպատակներին։
Հայաստանի դիմումի հիման վրա կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն Հայաստանի Հանրապետություն գործուղելու որոշումը կայացվել է ԵԱՀԿ գործող նախագահող երկրի և Քարտուղարության կողմից՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի համապատասխան որոշումների հիման վրա, որոնք ընդունվել են Կազմակերպության բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ:
ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ առաքելության գործունեությունը, դիտարկումները և ավարտական զեկույցն ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կհանդիսանան ԵԱՀԿ նախագահության, Քարտուղարության և անդամ երկրների համար, ինչպես նաև դեր կխաղան նոր հավանական ագրեսիաների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։
Հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցչի կողմից առաքելության անդամներին է ներկայացվել սահմանամերձ շրջաններում առկա իրադրությունը:
Armenpress.am