Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կողմ է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան եռակողմ ձևաչափի ստեղծման նախաձեռնությանը։ Այս փոխըմբռնման մասին Ալիևը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո:
Ալիևը նշել է, որ, եթե Հայաստանը պատրաստ լինի, ապա պատրաստ են այսօրվանից սկսել այդ ձեւաչափը:
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո նոր իրավիճակ ստեղծվեց: Ես Վրաստանի վարչապետին տեղեկացրել եմ մեր և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին։ Մենք կարծում ենք, որ այս հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Մենք Հայաստանին ներկայացրել ենք հինգ հիմնական սկզբունքներ, և հուսով ենք, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի ու կստորագրի խաղաղության պայմանագիրը։ Եթե դա տեղի ունենա, Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի, համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն»,- ասել է Ալիևը։
Հարկ է նշել նաև, որ դեռ անցյալ տարի նմանատիպ նախաձեռնությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Aliq.ge