Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվել է Իրակլի Կոբախիձեն, ով հանդիսանում է իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության անդամ։
Նոր գումարման խորհրդարանի առաջին իսկ նիստի ժամանակ Կոբախիձեի թեկնածության օգտին քվեարկել է 118 պատգամավոր, դեմ՝ 3-ը։ Քվեարկությունից առաջ Կոբախիձեն խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ խորհրդարանի նախագահի պաշտոնում կդրսևորի չեզոքություն՝ քաջ գիտակցելով նրա գործառույթները։
Նա հայտարարել է, որ իր գլխավոր գործառույթը համարում է այն, որ խորհրդարանում ներկայացված յուրաքանաչյուր կուսակցություն և պատգամավոր առավելագույն հնարավորություն ստանան իրենց ներդրումն ունենալու համար խորհրդարանի աշխատանքում և երկրի ապագայում։
Խորհրդարանի անդրանիկ նիստում ձևավորվել են նաև 15 պրոֆիլային հանձնաժողովներ։