Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, եկամուտների ծառայության մաքսային վարչության ներկայացուցիչների հետ համակարգմամբ, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, «Սարփի» մաքսակետում բացահայտել են խոշոր չափի չհայտարարագրված ապրանքներ ներկրման երկու փաստ: Տեղեկությունը տարածում է քննչական ծառայությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, հետաքննությամբ պարզվել է, որ մի դեպքում Թուրքիայի Հանրապետությունից Ադրբեջանի քաղաքացին մաքսային հսկողությունից գաղտնի 15 762 լարի արժողությամբ 12 անուն դեղամիջոց է բերել Վրաստան, իսկ մյուս դեպքում՝ Վրաստանի քաղաքացին Թուրքիայի Հանրապետությունից գաղտնի բերել է մոտ 56.000 լարիի ոսկյա զարդեր։
Գործը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում հինգից յոթ տարի ժամկետով։