Պուտինը, Ալիևը և Փաշինյանը Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից։
ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման հանձնառությունը. հայտարարություն երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության տեքստը՝ ստորև․
«Մենք ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդիպեցինք 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում և քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Վերահաստատել են հավատարմությունը նշված բոլոր պայմանավորվածությունների անշեղ պահպանմանը՝ ի շահ հայ-ադրբեջանական հարաբերությունների համակողմանի կարգավորման, Հարավային Կովկասի խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման։ Համաձայնեցին լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների, այդ թվում ՝ հումանիտար հարցերի բլոկի անհապաղ լուծմանը։
Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը դրա տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում ՝ շեշտադրել են տարածաշրջանում իրադրության կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։
Պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման հիման վրա ՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի համաձայն:
Կարևորվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստումը՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելու նպատակով: Գոյություն ունեցող զարգացումների հիման վրա պայմանավորվել են շարունակել փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ կաջակցի դրան։
Ընդգծվել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը ՝ ռուսական աջակցությամբ հասարակության, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների ներկայացուցիչների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար:
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունն այսուհետ ևս ամենայն օժանդակությամբ նպաստելու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը»: