Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվում է կարտոֆիլի բերքահավաքը: Իրացման հետ կապված խնդիրներ չկան, բայց կարտոֆիլի գինը կախված գյուղից ու չափերից, տատանվում է 1 լարիից մինչև 1,7 լարի։ Մունիցիպալիտետում միջին բերքատվությունը, ըստ ֆերմերների, երկու անգամ ցածր է նախորդ տարվա համեմատ։
Ախալքալաքի մունիցիպալիտետում հատուկենտ մարդիկ են կարտոֆիլ հավաքում: Կարտոֆիլագործների հիմնական մասն արդեն հավաքել է Ջավախքի գլխավոր բանջարեղենը։ Կարտոֆիլի բերքահավաքի արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն բերքը համեմատաբար քիչ է ստացվել, գյուղացիները դժգոհ են։ Ֆերմերներն ու փորձագետները ցածր բերքատվության պատճառը նշում են եղանակային անբարենպաստ պայմանները (անձրևների բացակայությունը)։
Ֆերմերները, վախենալով ցրտահարությունից ու սառնամանիքից, բերքահավաքը շուտ սկսեցին, ելնելով այն բանից, որ բերքը քիչ էր, բերքահավաքն ավարտեցին ավելի շուտ, քան սպասում էին։
Կարտոֆիլի գինն ավելի բարձր է, քան նախորդ տարի։ Բերքահավաքի սկզբում 1 կգ կարտոֆիլի գինը տատանվում էր 60 թեթրիից մինչև 80 թեթրի, հետո այն բարձրացավ։ Այժմ 1 կգ կարտոֆիլն արժե 1 լարիից մինչև 1,70 թեթրի՝ կախված չափից և վայրից, որտեղ այն վաճառվում է։
Խանդո գյուղից Սարգիս Մելիքյանն երեկ մանր կարտոֆիլը վաճառել է 1,40 լարիով: Վերջինս ասում է, քանի որ այս տարի խոշոր կարտոֆիլը քիչ է, միջին ու մանր կարտոֆիլը նույնպես լավ է վաճառվում։
«Բոլորն արդեն ավարտել են բերքահավաքը, մեր գյուղում միայն 3 հոգու մոտ է մեկ օրվա աշխատանք մնացել: Խոշոր ֆերմերները փոքր-ինչ ավելի բարձր բերքատվություն ունեն, քան միջին ֆերմերները: Օրինակ՝ իմը հեկտարից 25 տոննա է, բայց կան, որ 10 տոննա բերք ունեն, 15 տոննա՝ 1 հեկտարից։ Ով վարկ կամ այլ ծախսեր ունի, վաճառում են, ոմանք էլ թողնում են գարնան համար»,- ասում է Խանդոյի տարածքային շրջանից Սակրեբուլոյի պատգամավոր Սարգիս Մելիքյանը։
Բերքահավաքն ավարտվել է նաև լեռնային և հեռավոր Մերենիա և Սամսար գյուղերում։ Այս գյուղերում սովորաբար բերքահավաքը սկսվում է մի փոքր ուշ, սակայն այս գյուղերում ևս արդեն հավաքել են։ Նրանց չի գոհացնում բերքը, և գներն ավելի ցածր են, քան քաղաքին մոտ գյուղերում։
«1 կգ-ը գնում են 1,10 – 1,20 լարիով, դա էժան է, գնորդները քիչ են, բայց գալիս են, մեր գյուղը գլխավոր ճանապարհից հեռու է, մեզ մոտ քիչ մարդ է գալիս, գնում են Բարալեթ: Բերքատվությունը գրեթե երկու անգամ ցածր է անցած տարվա համեմատ: Հաշվի առնելով պարարտանյութի, ծառայությունների, թունաքիմիկատների և մնացածի թանկացումը, ներկայիս 1,20 լարիին հավասար է նախորդ տարվա 60 թեթրիին: Այս տարի բենզինը, դիզվառելիքը թանկացել են, մարդիկ քիչ են ոռոգել, չեն կարողացել»,- ասում է Մերենիա գյուղի փորձագետ Վոլոդյա Ղուշչյանը։
Ֆերմերները հազվադեպ են ինքնարժեքը հաշվում, նրանք ուղղակի գինն որոշում են ընդհանուր թանկացումից ելնելով, և հաճախ գյուղ գնացող գնորդն է գինն ասում։
Մուրջախեթ գյուղից Ենոք Բաբաջանյանն այն քչերից է, ով հաշվարկել է իր բերքի ինքնարժեքը։ Նա հաշվել է, որ շահույթ է ստացել։ Նրա խոսքով, ոռոգելու հնարավորություն ունեցողները համեմատաբար լավ բերք են ստացել, իսկ ովքեր չեն ոռոգել՝ վատ բերք: Թեև Ենոք Բաբաջանյանը համաձայն է, որ շրջանում ընդհանուր բերքատվությունը ցածր է:
«Միջինը մեկ հեկտարից 30 տոննա կարտոֆիլ ունեմ, բայց մարդիկ կան, որ ունեն 10 տոննա, 11 տոննա բերք: 1,40-1,50 լարին լավ գին է, փակում է ինքնարժեքը և նույնիսկ շահույթ է մնում։ Այժմ 1 կգ կարտոֆիլի ինքնարժեքը հասել է 70 թեթրիի։ Թեեւ դա էլ է կախված ֆերմերից»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովի խոսքով, ինքնարժեքը կախված է նրանից, թե ով ինչքան է ծախսել։
«Միջին գինը 1,50 լարի է, գնորդներ կան: Ոմանց ծախսերը կարող են փակվել, որոշներինը՝ ոչ: Ընդհանուր առմամբ, այս տարի բերքը քիչ է։ Այս տարի հավանաբար կարտոֆիլի դեֆիցիտ կլինի, և այն կթանկանա, քանի որ այլ վայրերում նույնպես բերքը լավը չէ, բացի այդ, այս տարի պատերազմի պատճառով ներկրումը բարդանում է»։ ասում է Մախարե Մացուկատովը։ jnews.ge