ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագիրն աշխարհի տարբեր երկրների կրթական կազմակերպությունների համար կազմակերպում է աշխատաժողով՝ նվիրված ծրագրի շրջանակներում հասանելի փոխանակման և համագործակցության հնարավորություններին: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 7-ից 10-ը (նոյեմբերի 9-ը կլինի ընդմիջում)՝ հիբրիդային ձևաչափով։
Աշխատաժողովը եզակի հնարավորություն է տալիս մասնակիցներին ավելի լավ հասկանալու այս ծրագրի բաղկացուցիչների բոլոր ասպեկտներն ու առավելությունները, այդ թվում՝
Վեբինարը կհեռարձակվի համացանցում, իսկ գրանցման մանրամասները կներկայացվեն առաջիկայում։
Հայտերի ընդունում. էներգետիկ անցման մասին տեղեկատվությանը նվիրված սեմինար լրագրողների համար
Էներգետիկ համայնքի քարտուղարությունը հրավիրում է լրագրողներին իր պայմանավորվող կողմ հանդիսացող երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, դիմելու և մասնակցելու դեկտեմբերի 14-ին Վիեննայում կայանալիք «Էներգետիկ անցում» թեմայով աշխատաժողովին:
Մասնակցության համար կընտրվեն ընդհանուր առմամբ 18 լրագրողներ (Էներգետիկ համայնքի յուրաքանչյուր պայմանավորվող կողմ հանդիսացող երկրից երկուական մասնակից)։ Վերջիններիս ճաապարհածախսը կհոգա կազմակերպող կողմը։
Մրցույթին կարող են մասնակցել էներգետիկայի, շրջակա միջավայրի կամ տնտեսության ոլորտները լուսաբանող ամբողջ դրույքով աշխատող լրագրողները, ովքեր ազատ տիրապետում են գրավոր և բանավոր անգլերենին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 15-ը։c
Վրաստան. «Հայրիկների դպրոց»՝ Քութայիսում
Վրաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է Քութայիսում բնակվող, հայր դառնալ պատրաստվող տղամարդկանց ու երիտասարդ հայրիկներին՝ գրանցվելու «Հայրիկերի դպրոց» ծրագրին:
Ծրագիրը բաղկացած է լինելու ինը դասից, որոնց շրջանակում նրանք ավելին կսովորեն հղի զուգընկերոջ կամ երեխայի խնամքի, առաջին օգնության, գենդերային հավասարության, վերարտադրողական առողջության, հակաբեղմնավորման և այլ հարցերի մասին:
Դասերը կանցկացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին, որոնցից յուրաքանչյուրը կտևի 2 ժամ։ Դեմ առ դեմ հանդիպումներից զատ կլինեն նաև հեռավար հանդիպումներ:
«Հայրիկների դպրոցին» գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել այս առցանց ձևաթուղթը: Տեղերը սահմանափակ են։
«Հայրիկների դպրոցը» մաս է կազմում «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է «ՄԱԿ-Կանայք» կառույցի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից՝ Արևելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։
Հայտերի ընդունում ՎԶԵԲ–ի գրականության մրցանակ 2023-ի համար
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մեկնարկել է ՎԶԵԲ-ի գրականության մրցանակ 2023-ի համար հայտերի ընդունման գործընթացը։
Մրցանակը կտրվի գեղարվեստական գրականության լավագույն ստեղծագործության ինչպես գրողին, այնպես էլ թարգմանչին, որը բնօրինակով գրվել է ՎԶԵԲ գործունեության երկրներից մեկի լեզվով և թարգմանվել անգլերեն:
ՎԶԵԲ-ի գրականության մրցանակի 2023-ի համար կարող են ներկայացվել միայն եվրոպական (ներառյալ մեծբրիտանական) հրատարակիչների կողմից 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը առաջին անգամ անգլերեն թարգմանված գրքերը՝ գրքի միջազգային ստանդարտ համարով (ISBN) և եվրոպական երկրի արժույթով տպագիր գնով:
20,000 եվրոյի չափով առաջին մրցանակը հավասարապես կբաշխվի հաղթող հեղինակի և թարգմանչի միջև: Երկրորդ տեղը զբաղեցրած երկու գրքերը կստանան 4000-ական եվրո մրցանակ, որը նույնպես հավասարապես կբաշխվի հեղինակի և թարգմանչի միջև:
Կարճ ցուցակը կհրապարակվի 2023 թվականի մարտին: Դրանից հետո՝ 2023 թվականի ապրիլին կհայտարարվեն եզրափակիչ փուլի երեք մասնակիցների անունները: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա ՎԶԵԲ-ի գլխավոր գրասենյակում՝ Լոնդոնում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 30-ը:
ՎԶԵԲ-ի գրականության մրցանակ 2022-ի դափնեկիրն ուկրաինացի ճանաչված գրող և բանաստեղծ Սերհիյ Ժադանի հեղինակած «Որբանոց» գիրքն է։
ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն օգնում են կյանք հաղորդել Վրաստանի պատմական տեսարժան վայրերին
Հոկտեմբերի 18-ին վրացի խորհրդարանականները ներկայացրեցին իրենց ուսումնասիրությունը երկրում անտերության մատնված պատմական վայրերը վերակենդանացնելու ներուժի վերաբերյալ:
Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի կողմից նախաձեռնված հարցմանը մասնակցել են վրաց առաջատար փորձագետներ և պետական, մասնավոր ու քաղաքացիական հատվածների ներկայացուցիչներ:
Չորս ամիս տևած հետազոտությամբ ուսումնասիրվել են պատմական վայրերին նոր կյանք հաղորդելու ուղիները՝ շրջակա տարածքները վերակառուցելու համար օգտագործելով դրանց մշակութային արժեքը: Ուսումնասիրվել են պատմական ժառանգության կայուն պաշտպանության և պահպանման քաղաքականության մոտեցումները և ազգային ու տեղական իշխանությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության դերը այդ ժառանգության պահպանման և կառավարման գործիքների մշակման գործում:
Վերջնական զեկույցը կհրապարակվի հոկտեմբերի վերջին։
Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթ. միացիր և դարձիր ավելի դիմացկուն ապատեղեկատվության նկատմամբ
Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթվա առթիվ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (ԵԱԳԾ) և EUvsDisinfo-ն մեկնարկում են տեղեկատվական արշավ, որն ուղղված է բարձրացնելու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության, ներառյալ ապատեղեկատվության մասին իրազեկվածությունը:
Այսօր EUvsDisinfo-ն գործարկում է նաև իր նոր «Ուսուցում» կայքէջը, որը հասանելի է euvsdisinfo.eu/learn/ հասցեով:
Նշված կայքէջը ստեղծվել է, որպեսզի ընթերցողներին սովորեցնի գնահատել աղբյուրների և դրանց բովանդակության արդիականությունն ու հավաստիությունը, ինչպես նաև հաղորդում տալ ապատեղեկատվության դեպքերի մասին և արձագանքել դրանց:
Կայքէջում ներկայացված են ապատեղեկատվության և տեղեկատվության մանիպուլյացիաների հետևում կանգնած մեխանիզմները, մարտավարությունները, ընդհանուր պատմույթները և դերակատարները: Այն պատկերացում է տալիս կրեմլամերձ մեդիա էկոհամակարգի մասին, ինչպես նաև բացատրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության հիմքում ընկած փիլիսոփայությունը:
«Արձագանք» բաժնում ընթերցողները կարող են գտնել արձագանքման պարզ մեթոդներ, որոնք կարող է կիրառել յուրաքանչյուր ոք, իսկ այնուհետև նրանք կարող են կատարելագործել իրենց նոր ձեռք բերած հմտությունները վիկտորինաների և խաղերի միջոցով:
«Արձագանք» բաժնում ընթերցողները կարող են գտնել պարզ խորհուրդներ, թե ինչպես չդառնալ քարոզչության և ապատեղեկատվության զոհ: Դուք կարող եք նաև ստուգել ձեր հմտությունները՝ մասնակցելով EUvsDisinfo-ի վիկտորինային:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Եվրոպական միությունը մեծացնում են իրենց աջակցությունը արևելաեվրոպական, կովկասյան և Միջերկրական ծովի հարավային և արևելյան տարածաշրջանների երկրներում գործող թերսպասարկվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ): Նշված երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
Ավելին, ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն ավելացնում են հասանելի ֆինանսական միջոցները՝ նշված տարածքներում լայնաշերտ ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացման համար:
Վաշինգտոնում Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի տարեկան ժողովների շրջանակում ստորագրվել են ԵՄ երկու ֆինանսական երաշխիքների վերաբերյալ համաձայնագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 150 միլիոն եվրո:
Մինչև 115 միլիոն եվրոյի առաջին ֆինանսական երաշխիքը կուղղվի գործընկեր ֆինանսական հաստատություններին՝ թերսպասարկվող ՓՄՁ-ներին, մասնավորապես՝ կանանց կամ երիտասարդների կողմից ղեկավարվող, գյուղական վայրերում գործող կամ նախկինում ֆինանսավորման հետ կապված խնդիրների բախված այլ ձեռնարկություններին վարկավորելու նպատակով։
Մոտ 35 միլիոն եվրոյի երկրորդ ֆինանսական երաշխիքը կուղղվի բարձրորակ և հուսալի լայնաշերտ ծառայությունների ուղղությամբ ներդրումներին։
«Ես հատկապես գոհ եմ, որ այսօր տրամադրվող ֆինանսավորումից կկարողանան օգտվել թերսպասարկվող բիզնեսները և բարձրորակ լայնաշերտ ծառայությունները՝ դրանով իսկ նպաստելով ԵՄ «Համաշխարհային դարպաս» [նախաձեռնության] շրջանակում իրականացվող ԵՄ Արևելյան և Հարավային հարևանության տնտեսական և ներդրումային ծրագրերի նպատակներին»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ Ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի վերաբերյալ տարածաշրջանային տվյալներ» (EU4Environment – Water and Environmental Data) ծրագրի աջակցությամբ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան մշակել են ՔՈՎԻԴ-19-ի մոնիտորինգի հայեցակարգ և իրականացրել քաղաքային կեղտաջրերի փորձնական ուսումնասիրություններ։
2022 թվականի սեպտեմբերին SarsCov-2 վիրուսն առաջին անգամ ուսումնասիրվել է Երևանի, Բաքվի, Թբիլիսիի և Քիշնևի կեղտաջրերի նմուշներում։ Ընտրանքի, ուսումնասիրության և գնահատման հայեցակարգը մշակվել է Եվրոպական միության աջակցությամբ: Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության և Վիեննայի տեխնոլոգիական համալսարանի փորձագետները տրամադրել են ընթացակարգերի մշակման վերաբերյալ խորհրդատվություն և հնարավորություն են տվել յուրաքանչյուր երկրում իրականացնել կեղտաջրերում ՔՈՎԻԴ-19-ի առաջին ուսումնասիրությունը:
Առաջիկա ամիսների ընթացքում եվրոպացի փորձագետները կօգնեն Արևելյան գործընկերության երկրների ծրագրային գործընկերներին տվյալ պրակտիկան մշտական հիմունքներով իրականացնելու հարցում, ինչպես նաև կուսուցանեն մեկնաբանել տվյալները: Զուգահեռաբար կընդլայնվեն նմուշառման ծավալները՝ ՔՈՎԻԴ-19-ի մոնիտորինգի ընդգրկվածությունն ընդլայնելու նպատակով։ Դա կբարելավի համավարակի մոնիտորինգի հնարավորությունները՝ հանուն յուրաքանչյուր երկրում և նույնիսկ միջազգային մակարդակում առողջության ընդհանուր պաշտպանության։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։