Բացահայտվել է առողջության համար տեֆլոնային տապակների վտանգը

Բացահայտվել է առողջության համար տեֆլոնային տապակների վտանգը

Նյուքասլի համալսարանի և Ֆլինդերսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են առողջության համար տեֆլոնային տապակների  վտանգը: Science of the Total Environment ամսագրում հրապարակված աշխատանքի տվյալների՝ վնասվելու դեպքում նման արտադրանքներից միկրոպլաստիկ է արտազատվում։

Տեֆլոնային սպասքի վտանգներն ուսումնասիրելու համար հետազոտողները կիրառել են մոլեկուլային սպեկտրալ վերլուծություն, ինչպես նաև ստեղծել համակարգչային մոդել: Արդյունքները ցույց են տվել, որ ծածկույթի նույնիսկ մեկ ճաքը կարող է հանգեցնել մինչև 2,3 միլիոն միկրո և նանոպլաստիկ մասնիկների արտազատման, որոնք այնուհետև կարող են մտնել սննդի մեջ:

Հեղինակները կարծում են, որ աշխատանքը ցույց է տալիս մասնագետներին և սպառողներին ամենօրյա սննդի պատրաստման ընթացքում տեֆլոնային պլաստիկի մասնիկների առաջացման վտանգի մասին տեղեկացնելու անհրաժեշտությունը: Նրանք նաև նախատեսում են լրացուցիչ փորձեր կատարել մարդու առողջության ռիսկի լրացուցիչ գնահատման համար: