Մարտի 1-ից Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում գնել են 2964 բնակարան և 37,9 հեկտար հողատարածք

Մարտի 1-ից Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում գնել են 2964 բնակարան և 37,9 հեկտար հողատարածք

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիներից 711-ը գրանցվել են որպես իրավաբանական անձ, իսկ Ռուսաստանի 9789 քաղաքացի՝ որպես անհատ ձեռնարկատեր։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ երկրում են մնացել պատերազմի սկսվելուց հետո Վրաստան ժամանած Ռուսաստանի 112 հազար 733 քաղաքացի։

Դեռևս հուլիսին «Բաթումելեբին» Վրաստանի հանրային ռեգիստրից տվյալներ էր պահանջել 2022 թվականի մարտի 1-ից մինչ օրս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից Վրաստանում գրանցված գույքի վերաբերյալ։ Պատասխանը ստացվել է միայն նոյեմբերի 2-ին՝ հինգ ամիս սպասելուց հետո։

Պաշտոնական տվյալներով՝ մարտի 1-ից հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 2585 քաղաքացի Վրաստանում գնել է 2964 բնակարան 189084 քմ ընդհանուր մակերեսով։
Ռուսաստանի Դաշնության 252 քաղաքացի գնել է 249 հողատարածք՝ 37,9 հա մակերեսով։ Ռուսաստանի Դաշնության 53 քաղաքացի գնել է հողամաս առանց շենքերի և շինությունների, 199-ը` շենքերով կամ շինություններով։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ տվյալները մշակվել են ռուսների անձնագրային տվյալների համաձայն։

Հանրային ռեգիստրում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների գրանցման վերաբերյալ տվյալները հետևյալն են.

  • Իրավաբանական անձ՝ 711
  • Անհատ ձեռնարկատեր՝ 9,789
  • Բնակարան գնողներ՝ 2585
  • Հող գնողներ՝ 252
  • Ձեռք բերված բնակարանի մակերեսը 189084 ք.մ.
  • Ձեռք բերված հողատարածքի մակերեսը կազմում է 37,9 հա։

«Բաթումելեբին» նաեւ Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարությունից տվյալներ է խնդրել Վրաստանում օտարերկրացիների աշխատանքի տեղավորման վերաբերյալ։ Գերատեսչությունում նշել են, որ հունվարից օգոստոս ամիսներին Վրաստանում աշխատանքի է տեղավորվել 1439 օտարերկրացի, որոնցից 977-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։