Նոյեմբերի 2-ին Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցի ծնողներին զգուշացվել է նախազգուշական միջոցներ ձեռնարկել։ Նրանց տեղեկացրել են, որ երեխաներին դպրոցից թույլ չեն տա գնալ ճաշարան կամ խանութ, որպեսզի ծնողները ուշադիր լինեն, թե երբ և որտեղ է գտնվում երեխան։ Ոմանք այս տեղեկությունն ընկալել են որպես մոտալուտ սպառնալիք, իսկ ոմանք էլ, ընդհանրապես, ասել են, որ Ախալքալաքում մանկապիղծ է շրջում։ Գրում է jnews.ge-ն:
Ինչ են պատմում ծնողները՝ իրենց զգուշացրել են բացատրել երեխաներին, որ եթե իրենց մոտենա անծանոթ մեկը, ներկայանա որպես ընտանիքի ընկեր և առաջարկի նստել իր մեքենան, ոչ մի դեպքում չհամաձայնել։
Սա որոշ ծնողների մոտ վախ է առաջացրել, ինչի արդյունքում քաղաքով մեկ սկսել են լուրեր տարածվել, թե Ախալքալաքում բոլոր աշակերտներին, երեխաներին և ծնողներին զգուշացնում են մանկապղծի գոյության մասին։ Սակայն, ինչպես պարզվեց, նախազգուշական միջոցների ձեռնարկման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել միայն մեկ դպրոցում, այն էլ՝ որոշ դասարաններում։
Ախալքալաքի Կրթական Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքով՝ իրենք այս հարցի վերաբերյալ հրահանգներ կամ տեղեկատվություն չեն ստացել:
Ինչպես պարզվեց, անվտանգության միջոցառումների մասին երեխաների և ծնողներին նախազգուշացումը հենց դպրոցի նախաձեռնությունն էր՝ որպես կանխարգելիչ միջոց, որպեսզի ծնողները վերահսկեն իրենց երեխաների տեղաշարժը։
«Իհարկե, սա կանխարգելիչ նպատակի է ծառայում, քանի որ երբեմն ծնողները ուշ էին գալիս երեխաներին տանելու դպրոցից: Մանդատուրների հետ միասին մենք զգուշացրել էինք, որ երեխաները ժամանակին գնան տուն, այլ ոչ մի պահ չկա: Խնդիրներ չեն եղել, դա մեր պարտքն է զգուշացնել, որ ծնողները ժամանակին գան իրենց երեխաների հետևից և ուշադիր լինեն, երբ են երեխաները տուն վերադառնում: Ե՛վ դասղեկները, և՛ ծնողները պարտավոր են միմյանց հաղորդել, թե ինչու է երեխան բացակայում կամ ինչու է ուշացել»,- ասում է Ախալքալաքի Թիվ 2 հանրային դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանը։
Նշենք, որ երեխաների անվտանգության թեման վերջերս արդիական է դարձել։ Օրինակ, Վրաստանի ՄԻՊ Նինո Լոմջարիան վերջերս հայտարարել էր, որ կրթական հաստատությունները ևս պատասխանատու են երեխաների անվտանգության համար։ Նրանցից պահանջվում է խստորեն վերահսկել օտարների տեղաշարժն իրենց տարածքում, տեղեկություններ տրամադրել ծնողներին և իրավապահ մարմիններին ցանկացած կասկածի դեպքում, երեխաներին տեղեկացնել ռիսկերի մասին և սովորեցնել, թե ինչպես վարվել վտանգավոր իրավիճակներում։