Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմանում միջին տարիքի տղամարդը Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական ամառանոցների հարևանությամբ, ինքնահրկիզման փորձ է կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդն իր վրա դիզվառելիք է լցրել ու իրեն այրել։ Մոտակայքում գտնվող քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարների հետ նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները նրան տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Թե ինչն է եղել կառավարական ամառանոցների հարևանությամբ տղամարդու ինքնահրկիզման պատճառը, ճշտվում է։
Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։