Լարսում թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան

Լարսում թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծում է, որ եղանակային պայմանների վատթարացմանը զուգընթաց Վերին Լարսի անցակետում թողունակության խնդիրն ավելի կսրվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ այս պահին Լարսում լուրջ դժվարություններ կան:

«Դժվարությունները կապված են նրա հետ, որ հայտնի դեպքերի պատճառով Ռուսաստանի համապատասխան ծառայությունները ստիպված են մեքենաները ստուգման ենթարկել շատ ավելի մանրակրկիտ և շատ ավելի երկար, ինչի հետևանքով հերթեր են գոյանում, այսինքն՝ թողունակությունը պակասում է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հայկական կողմը ռուս և վրացի գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ է:

«Լարսում կարծես թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան՝ նոր կետեր ավելացնելու հաշվին: Այս պահին փորձում ենք դա կարգավորել»,-հավելել է Սանոսյանը: shantnews.am