Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակված Գիորգի Կվիրիկաշվիլին նոյեմբերի 22-ին ներկայացրել է երկրի նոր կառավարության կազմը։
Կառավարության կազմը լուրջ փոփոխությունների չի ենթարկվել, ընդամենը 3 նոր նախարար կա: Այսպես, Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նախարարի պաշտոնը կզբաղեցնի Գիորգի Գախարիան, Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար է նշանակվել Զուրաբ Ալավիձեն, Եվրաինտեգրման հարցերով նախարար՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին անդամ Վիկտոր Դոլիձեն:
Ի դեպ, նշենք, որ վերջին նշանակման մասին վրաստանյան մամուլը պնդում էր խորհրդարանական ընտրություններից հետո՝ այն ժամանակ, երբ ընտրական 5 տոկոսանոց շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ»-ի շարքերը լքեցին մի շարք անդամներ։
Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել նոր կազմից դուրս մնացած նախարարներին և նշել, որ նրանք կշարունակեն իրենց գործունեությունն այլ կարևոր պաշտոններում:
Երկրի նախագահի հրամանագրով՝ Եվրաինտեգրման հարցերով նախկին նախարար Դավիթ Բաքրաձեն արդեն նշանկվել է Միացյալ Նահանգներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Էներգետիկայի նախկին նախարար Իլիա Էլոշվիլին կշարունակի գործունեությունը նախարարի տեղակալի պաշտոնում:
Ինչ վերաբերվում է Սփյուռքի նախարարությանը՝ այն լուծարվել է։ Նախարարության գործառույթները կիրականացնի Արտաքին գործերի նախարարությունը, որը շարունակելու է ղեկավարել Միխեիլ Ջանելիձեն:
Թե ինչ պաշտոններ կզբաղեցնեն արդեն նախկին նախարարներ Նոդար Խադուրին, Նոդար Ջավախիշվիլին և Գելա Դումբաձեն, դեռևս պարզ չէ: Տեղեկացնում է «aliq.ge»-ն: