Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման նոր նախագծի վրա։ Ինչպես BMG-ին ասել է փոխնախարար Գիորգի Խանիշվիլին, այլ գյուղատնտեսական տեխնիկայի հետ միասին պետությունը համաֆինանսավորելու է անօդաչու թռչող սարքերի համար, որոնք ֆերմերները կօգտագործեն ցանքատարածքները դեղելու համար։
Փոխնախարարն ասում է, որ ծրագիրն առաջիկայում կմեկնարկի և կիրականացնի Գյուղական զարգացման գործակալությունը։
«Գյուղատնտեսության մեջ պատրաստվում ենք ներդնել անօդաչու սարքերի ծառայություններ։ Այժմ պատրաստվում է և շատ շուտով կմեկնարկի նախագիծ, որի միջոցով շահագրգիռ անձինք կկարողանան պետության օգնությամբ ձեռք բերել ագրոդրոններ և օգտագործել թունավորումների ժամանակ։ GPS-ով անօդաչուին առաջադրանք կտան ու թռիչքի ժամանակ որոշակի քանակությամբ դեղամիջոց բաց կթողնի կոնկրետ տարածք։ Անօդաչու սարքերի սպասարկումը մի փոքր թանկ է, բայց դա հավասարակշռված է նրանով, որ այն ավելի արդյունավետ է, իսկ թույնի կորուստը՝ ավելի քիչ։ Անօդաչու սարքերը լայն կիրառություն ունեն, և մենք փորձում ենք համընթաց քայլել նորարարություններին»,- ասել է Գիորգի Խանիշվիլին։
Հիշեցնենք, որ այս տարի գյուղատնտեսության մեքենայացման պետական համաֆինանսավորման ծրագրի բյուջեն 50 մլն լարի է։ Ծրագրի նպատակն է ավելացնել գյուղտեխնիկայի ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հասանելիությունը: