Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում այսօր մահվան առեղծվածային դեպք է տեղի ունեցել. տներից մեկի հատակին հայտնաբերել են ընտանիքի անդամների` 31֊ամյա Զարինե Մ.֊ի և նրա երկու անչափահաս երեխաների` 12֊ամյա դստեր և 8֊ամյա որդու մարմինները։
Ըստ տեղեկությունների՝ տղա երեխայի ոտքերը կապված են եղել տուկի թելով։ Եղել են արնանման հետքեր։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։ Նա հայտնեց, որ ոստիկանությունը ժամը 13.45֊ին ԱԻՆ ճգնաժամային կենտրոնի 911 ծառայությունից ահազանգ է ստացել, որ Պեմզաշեն գյուղում կա փակ դուռ։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ընտանիքի անդամների մարմինները։ Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում այս պահին աշխատում է օպերատիվ քննչական խումբը։
Մենք փորձեցինք որոշ մանրամասներ ճշտել Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանից, նա միայն փոխանցեց, որ ինքը ևս դեպքի վայրում է, այստեղ աշխատում են ոստիկանները և քննչական խումբը, այլ մանրամասների չի տիրապետում։
Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի155-րդ հոդվածի 1-ին (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և155 հոդված 2-րդ մասի 5-րդ (Անչափահասի սպանությունը) կետերով։
155-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է առավելագույնը15 տարվա, երկրորդը՝ առավելագույնը 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։aravot.am