Ռուսական ուժերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված զեկույցում հայտարարել է հատուկ գործողության գոտում իրավիճակի կայունացման մասին։
Նրա խոսքով՝ օգոստոսից սեպտեմբեր ուկրաինական բանակը կորցրել է ավելի քան 9500 սպանված ու վիրավոր մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Միաժամանակ, Խերսոնի ուղղությամբ հակառակորդը հարվածներ է հասցնում տեղական ինքնակառավարման օբյեկտներին, դպրոցներին, հիվանդանոցներին եւ սոցիալական նշանակության այլ օբյեկտներին։ «Խերսոնը եւ հարակից բնակավայրերը չեն կարող լիարժեք մատակարարվել եւ գործել, մարդկանց կյանքը մշտապես վտանգի տակ է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ շրջանից տարհանվել է ավելի քան 115 000 մարդ։
Նրա խոսքով, Խերսոնի ուղղությամբ ռուսական զորքերի կորուստները 7-8 անգամ քիչ են, քան Ուկրաինայի Զինված ուժերինը։ «Ինչպես հայտնի է, հարձակվող կողմն ավելի մեծ կորուստներ է կրում, քան պաշտպանական դիրքում գտնվողը: Այս դեպքում մեր կորուստները 7-8 անգամ պակաս են հակառակորդի կորուստներից։ Մենք առաջին հերթին մտածում ենք յուրաքանչյուր ռուս զինծառայողի կյանքի մասին»։
Սուրովիկինն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գնդակոծել Կախովկա ամբարտակը, ինչը կարող է ջրհեղեղ առաջացնել եւ զգալի զոհերի պատճառ դառնալ։ «Նպատակահարմար է պաշտպանություն կազմակերպել Դնեպր գետի արգելապատնեշի սահմանով, նրա ձախ ափի երկայնքով»,- ասել է նա:
«Դնեպրի ձախ ափին պաշտպանվելու որոշումը հեշտ չէ, բայց միեւնույն ժամանակ մենք կպահպանենք մեր զինվորականների կյանքն ու զորքերի խմբավորման մարտունակությունը»:
Նա նշել է, որ հատուկ գործողության տարածքում իրավիճակը կայունացել է, միացյալ խմբավորման եւ ուժերի մարտական հնարավորությունները զգալիորեն մեծացել են, մարտական կազմը մոբիլիզացվածների հաշվին ավելացել է, ստեղծվել են ռեզերվներ։ Որոշ ուղղություններով ռուսական զորքերը վերսկսել են հարձակողական գործողությունները, սակայն չնայած կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներին, հակառակորդը չի հրաժարվում հարձակողական փորձերից, նրա բոլոր գրոհները ժամանակին կասեցվում են։
Պաշտպանության նախարարը համաձայնել է Սուրովիկինի առաջարկին։ «Սկսեք զորքերը հետ քաշել եւ ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու անձնակազմի, սպառազինության եւ տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր գետի այն կողմը»,- ասել է Շոյգուն: