«Վրացական երկաթուղիներ» ընկերության տնօրեն Դավիթ Փերաձեի խոսքով, Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթգծի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։
Նրա խոսքով, այս երկաթուղին այս տարի կտեղափոխի 0,8-0,9 մլն տոննա բեռ, իսկ բացման առաջին տարում՝ 5-6 մլն տոննա։
«Այս նախագիծն իրականացվում է ադրբեջանական ընկերության կողմից, և մեր տեղեկություններով՝ այս նախագիծը պետք է ավարտվի մինչև տարեվերջ»,- ասել է Դավիթ Փերաձեն։
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ երկաթուղու արդյունքներին, ապա 2022 թվականի 9 ամիսներին ընկերությունը փոխադրել է 11 մլն տոննա բեռ, ինչը 20%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Ընկերության եկամուտը նույնպես աճել է 22%-ով և այն կազմում է 507 մլն լարի։
«Վերջին 3 եռամսյակում «Վրացական երկաթուղի»-ն ավելացրել է եկամուտները 22%-ով, ինչը կազմում է մոտ 507 մլն լարի։ Ասենք նաեւ, որ այս տարի յուրաքանչյուր եռամսյակ փակել ենք շահույթով, առաջին երեք եռամսյակներում ընկերության շահույթը կազմել է 278 մլն լարի։ Սա նախորդ տարվա համեմատ զուտ շահույթի քսանհինգ անգամ ավելացում է։ Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ավելացնել մի քանի տասնյակ միլիոն լարի»,- ասել է Դավիթ Փերաձեն։
Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա Վրացական երկաթուղիները մինչև տարեվերջ կանխատեսում են 14-15 մլն տոննա բեռնափոխադրումներ։
«Նավթից բացի ավելացվել են նոր բեռներ, օրինակ՝ շաքարի հումքը, որը Եվրոպայից տեղափոխվում է Ասիա, ավելացել է նաև քիմիական նյութերի տարանցումը։
Այս տարի Չինաստանից Եվրոպա բեռնարկղային բեռնափոխադրումների 232 տոկոս աճ է գրանցվել։ Աճել է բեռնաշրջանառությունը նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս ուղղությամբ»,- ասել է Փերաձեն։