Երեխաները, ովքեր 3,5-ից 4,5 տարեկանում հեռուստացույցով բռնության տեսարաններ են տեսել, ավելի վատ են սովորում դպրոցում եւ տառապում են հոգեբանական խնդիրներից։ Այս եզրակացությանն են հանգել Մոնրեալի համալսարանի գիտնականները՝ 978 աղջիկների եւ 998 տղաների, նրանց ծնողների եւ ուսուցիչների մասնակցությամբ արված հետազոտության ընթացքում, գրում է EurekAlert-ը։
Սկզբում մայրերն ու հայրերը պատմել են, թե ինչ մուլտֆիլմեր եւ հեռուստահաղորդումներ են դիտել իրենց 12-ամյա երեխաները` նախադպրոցական տարիքում: Այնուհետեւ ուսուցիչները գնահատել են երեխաների հոգեբանական վիճակն ու ձեռքբերումները կրթական ոլորտում։
Պարզվել է, որ հեռուստացույցով բռնության տեսարաններ դիտելը ազդեցություն է թողնում հուզական սթրեսի եւ դեպրեսիայի, սովորելու մոտիվացիայի նվազման, կրթական գործընթացներում ներգրավվածության եւ ակադեմիական առաջադիմության հետ:
«Նախադպրոցական տարիքի երեխաները հակված են նույնանալ հեռուստատեսային հերոսների հետ եւ իրենց տեսածներն իրական համարել: Նրանք հատկապես խոցելի են վեհ հերոսների եւ չարագործների հումորային պատկերների հարցում, որոնք բռնություն են գործադրում որպես խնդիրների լուծման արդարացված միջոց: Արագ տեմպերով, ադրենալին առաջացնող էքշն տեսարանների եւ տպավորիչ հատուկ էֆեկտների կրկնվող ազդեցությունը կարող է ամրապնդել այն համոզմունքը, որ բռնությունը սոցիալական փոխազդեցություններում «նորմալ» է: Դա կարող է դժվարացնել դպրոցին հարմարվելը»,- նշել է հետազոտության գլխավոր հեղինակ Լինդա Պագանին: