Փաշինյանը՝ խաղաղության հասնելու իրական ձգտումների և Ալիևի ուխտադրույժ քաղաքականության մասին

Փաշինյանը՝ խաղաղության հասնելու իրական ձգտումների և Ալիևի ուխտադրույժ քաղաքականության մասին

Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների՝ տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով, Հայաստանը ցանկանում է գտնել լավագույն երթուղին, խնդիրն այն է, որ, գուցե, Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ը եկամուտներ ստանա: Այս մասին երեկ երեկոյան ասաց վարչապետ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում: Վարչապետը հավելեց՝ «ոչ մեկը մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել, որպեսզի դա լինի լավագույն երթուղին. հարմար, կարճ, տարին 12 ամիս հասանելի, անցանելի»:

Վարչապետի հնչեցրած այս արտահայտությունը կհիշեք՝ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի և սպառազինության մատակարարումներ Հայաստանին չեն արվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Արդյո՞ք լուծվել է այս խնդիրը: Փաշինյանը նշեց, որ քննարկումները շարունակվում են, բայց ցավոք, մինչև օրս խնդիրը չի լուծվել:

Հնդկական զենքի մատակարարումների վերաբերյալ հրապարակումներին անդրադառնալով՝ վարչապետը նշեց՝ մամուլը, ինչպես միշտ, շատ ավելի հավաստի տեղեկություններ ունի, վստահեցրեց՝ այսօր փորձում են, աշխատում են սպառազինության և տեխնիկայի ձեռք բերման հնարավորությունները դիվերսիֆիկացնել և այդ ուղղությամբ գնալու են առաջ:

Խոսելով ԼՂ թեմայից՝ Փաշինյանը նշեց, որ եթե 1998 թվականին Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, ԼՂ հարցը վաղուց արդեն կարգավորված կլիներ: Ոստի հայկական կողմը պնդում է, որ ԼՂ-ի հարցը միայն տարածքի խնդիր չէ, այլև իրավունքների: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, ըստ վարչապետի, պետք է տեղի ունենա երկխոսություն, պետք է տեղի ունենա բանակցություն:

Ալիևի հայտարարությանը՝ Ղարաբաղի հարցը լուծված է, Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե այդ ինչպես է լուծվել, որ դրա մասին չգիտեն արցախցիները, եթե լուծվել է, ինչո՞ւ է Բաքուն դիրքեր զբաղեցնում ու կրակ բացում Արցախի ուղղությամբ, ինչո՞ւ հադրութցիներն իրենց տներում չեն ապրում:

Մանրամասները՝ ռեպորտաժում: shantnews.am