Դատարանը որոշում է կայացրել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ՝ երկու ամիս ժամկետով։ Այս մասին այսօր MediaHub.am-ին փոխանցեց Պեմզաշենում ընտանիքի երեք անդամների սպանության գործով անցնող անձանց փաստաբան Էդուարդ Աղաջանյանը։
«Այս պահին ավելին ասել չեմ կարող։ Նախաքննությունը շարունակվում է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել էր Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը։ Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարույթային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը՝ Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ։ Ավելի ուշ ձերբակալվել է ևս մեկ անձ։
Քննչական կոմիտեն նախօրեին լրատվամիջոցներին հայտնել էր, որ Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանելու մեջ կասկածվող տղամարդկանցից մեկը սեռական ոտնձգություն է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ։