
Հայկական բեռներով բարձված 1600 ավտոմեքենա այս պահին գտնվում է Վրաստանի տարածքում` Վերին Լարսի անցակետում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այսպիսի իրավիճակ է Ղրիմի կամրջի վրա պայթյունից հետո, քանի որ ռուս–վրացական սահմանին խստացվել են մեքենաների ստուգումները»,- ասել է նա։
Քերոբյանի խոսքով` որոշ բեռնատարներ ավելի քան տասը օր կանգնած են հերթում։ Նախարարը վստահեցրեց, որ ամենօրյա ռեժիմով կապ է պահպանվում ռուս գործընկերների հետ, և մի քանի մեխանիզմ են քննարկում խնդիրն արագ լուծելու համար։
«Արագ փչացող ապրանքների խնդիր ունենք, հայկական որոշ արտադրողներ վնասներ են կրել, հիմնականում` կաթնամթերքի և թարմ գյուղմթերքի ոլորտի ներկայացուցիչները»,-ասել է նախարարը։ Փոխանցում է radioaurora-ն։
Հիշեցնենք` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետում վերահսկողության խստացումը հանգեցրել է նոր բազմակիլոմետրանոց հերթերի, քանի որ համապատասխան ծառայությունները շատ ավելի մանրակրկիտ ու երկար են ստուգում մեքենաները։
Նշենք նաև, որ այս ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։