Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինայում տեղի ունեցած ընկերական խաղում մրցեց Կոսովոյի հավաքականի հետ եւ ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Ռոման Բերեզովսկու (գլխ․ մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար) գլխավորած թիմից խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի 21-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանը, որն առաջին գոլը խփեց ազգային թիմում։ Գոլային փոխանցումը կատարեց դանիական «Ռանդերսի» 27-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը։
Կոսովոյի թիմը հաշվի հավասարությունը վերականգնեց 67-րդ րոպեին։ «Փյունիկի» 23-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի խախտումից հետո 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց հունգարական «ՄՕԼ Ֆեհերվարի» 23-ամյա հարձակվող Լիրիմ Կաստրատին։
82-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը խփեց ղազախական «Աստանայի» 30-ամյա եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որին գոլային փոխանցում կատարեց Երեւանի ԲԿՄԱ-ի 19-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը։
Ավելացված երրորդ րոպեին Կոսովոյի երկրորդ գոլը խփեց շվեյցարական «Յանգ Բոյզի» 23-ամյա կիսապաշտպան Դոնատ Ռուդհանին։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը Տիրանայում ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի թիմի հետ։
Ընկերական հանդիպում
Կոսովո – Հայաստան՝ 2:2
Լիրիմ Կաստրատի, 67, 11մ, Դոնատ Ռուդհանի, 90+3 – Ժիրայր Շաղոյան, 24, Կամո Հովհաննիսյան, 82 news.am