Մինչև 2023 թվականի վերջ Հայաստանում և Վրաստանում կստեղծվեն արագ արձագանքման բժշկական խմբեր, որոնք հավաստագրված կլինեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Դրանից հետո խմբերը կկարողանան մասնակցել միջազգային մարդասիրական առաքելություններին։
Օրերս հայկական բժշկական արագ արձագանքման թիմը Թբիլիսիում մասնակցել է անդրսահմանային սեմինարին, որն անցկացվել է «Միասին՝ ավելի ուժեղ. համատեղ աշխատանք Հայաստանի և Վրաստանի միջև՝ անդրսահմանային արտակարգ իրավիճակներին դիմակայելու համար» ծրագրի շրջանակներում։
«Նպատակը Հայաստանի և Վրաստանի առողջապահական համակարգերում միջսահմանային համագործակցության բարելավումն է, շտապ բժշկական օգնության հասանելիության մակարդակի բարձրացումը։ Վերջնական նպատակը արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի ստեղծումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Առցանց սեմինարին միացել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ Նա կարևորել է արագ արձագանքման բժշկական խմբերի աշխատանքը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը։
Ծրագիրը մեկնարկել է 2021թ.-ին։ Հայաստանի բժշկական արագ արձագանքման խմբի ղեկավարն է Արմեն Մելքոնյանը։