Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել կաթնամթերքի արտադրությունից

Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել կաթնամթերքի արտադրությունից

Կաթնամթերքի գներն արդեն մի քանի ամիս է, ինչ աճի միտում են ցուցադրում: Պանիր արտադրողների ասոցիացիայի նախագահ Աննա Միքաձեի խոսքով՝ շուկայում չմշակված կաթի պակաս կա, ուստի պանրի և այլ կաթնամթերքի գները բարձրացել են։

Նրա խոսքով՝ կաթի պակասը սկսվել է մի քանի ամիս առաջ, և շատ շուտով Վրաստանը կարող է մնալ առանց սեփական կաթի։

«Համավարակի ժամանակ կաթի պակաս կար, և այժմ իրավիճակը ոչ միայն չի բարելավվում, այլ օր օրի ավելի է բարդանում։ Համավարակի ժամանակ անասնապահների համար անասնակերը թանկացրել էին, քանի որ գարու և ցորենի գները զգալիորեն աճել էին։ Այսօր կաթնամթերքի մի քանի խոշոր ֆերմաներ կան, բայց դրանք շուկայում եղանակ չեն ստեղծում, դրանք ընդամենը մի կաթիլ են օվկիանոսում»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով, այս դեֆիցիտի պատճառով տեղական շուկան լցված էր կաթի փոշով և ներկրվող տարբեր քիչ հայտնի կաթով։ Ստեղծված իրավիճակում ակնկալիքներ կան, որ կաթն ու կաթնամթերքն էլ ավելի կթանկանան։

«Շատ շուտով մենք կարող ենք ընդհանրապես սեփական կաթ չունենանք։ Այն արդեն այնպես էլ շատ չէ: Մենք նախկինում էլ բավարարում էինք միայն հում կաթի պահանջարկի միայն 30%-ը, իսկ հիմա այդ ցուցանիշը, հավանաբար, կրկնակի անգամ նվազել է, և դա դեռ լավագույն դեպքում»,- հայտարարել է Աննա Միքաձեն:

Վերջինիս խոսքով, կա միայն մեկ լուծում՝ իրականացնել անասնաբուծության ծրագիր, ինչպես դա արել են շատ երկրներ։

«Պետությունը և այս ոլորտի բոլոր փորձագետները գիտեն, որ դա պետք է արվի, ես երկար տարիներ է, ինչ խոսում եմ այս մասին, բայց այս ուղղությամբ քայլեր դեռ չեմ տեսնում: Սա պետության կողմից բարձր արտադրողականության սարքավորումների ներկրումն է և կաթ արտադրողների միջև բաշխումը, որ 50%-ը վճարի ֆերմերը, իսկ մնացած 50%-ը՝ պետությունը, սա արվում է շատ երկրներում, այլ լուծում չկա: Մենք երբեք բարձր արդյունավետությամբ կաթնամթերքի արտադրություն չենք ունեցել, և եթե հիմա դա չանենք, ապա շատ շուտով ամբողջությամբ կանցնենք ներմուծմանը»,- հայտարարել է նա:

Վրաստանի վիճակագրության նախնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում արտադրվել է 165 մլն լիտր կաթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրությունը նվազել է 6,3%-ով։

Ինչ վերաբերում է գներին, ապա կաթնամթերքի ինքնարժեքն աճել է գրեթե 40%-ով։