Ռուսաստանը նվազեցնում է ցորենի արտահանման հարկը

Ռուսաստանը նվազեցնում է ցորենի արտահանման հարկը

Այսօրվանից Ռուսաստանը 6,4 տոկոսով նվազեցնում է ցորենի արտահանման հարկը։ Ռուսական լրատվամիջոցները տեղեկությունը տարածում են երկրի գյուղատնտեսության նախարարության հայտարարության հիման վրա։

Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանից ցորենի արտահանման մաքսատուրքը 2922,1 ռուբլուց կնվազի 1 տոննայի դիմաց 2735,2 ռուբլու։ Ինչ վերաբերում է այլ հացահատիկի արտահանմանը, ապա գարու հարկը 2686,7 ռուբլուց դարձել է 2430, իսկ եգիպտացորենի դեպքում՝ 447,5 ռուբլուց դառնալով 193,8 ռուբլի, ինչը նշանակում է 2,3 անգամ նվազում։

Արտահանման մաքսատուրքերի նոր դրույքաչափերը կգործեն մինչև նոյեմբերի 29-ը։

Նշենք, որ արտահանման հարկը հիմնված է հացահատիկի ինդիկատիվ գնի վրա, որը ներկայումս ցորենի համար կազմում է 312,5 դոլար (312,3 մեկ շաբաթ առաջվա գինը); Գարու համար այն կազմում է 286,7 դոլար (288,5 դոլար), եգիպտացորենի համար՝ 233,9 դոլար (236,4 դոլար):

Տեղեկատվության համար՝ 2022 թվականի հուլիսի 6-ից արտահանման մաքսատուրքը հաշվարկվում է ռուբլով, քանի որ 2022 թվականի հունիսի 30-ին կառավարությունը որոշում է կայացրել մաքսատուրքը դոլարից ռուբլու փոխանցելու մասին։

Ռուսաստանը հացահատիկի արտահանման մաքսատուրք է սահմանել 2021 թվականի հունիսի 2-ից։ Այն բխում է շաբաթական ինդիկատիվ գներից, որոնք հիմնված են Մոսկվայի բորսայում գրանցված արտահանման պայմանագրերի գների վրա։