Նոյեմբերի 26-ի լույս 27–ի գիշերը Թբիլիսիի 14-րդ դարի Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով այրվել է եկեղեցու միակ կանգուն պատի՝ երբեմնի կենտրոնական մուտքի դուռը:
Նոյեմբերի 27-ին եկեղեցու տարածքում աշխատող աշխատակիցներին հակաճառում ու այրված դռանը մոտենալ չէր թողնոում մի կին, ում հետ զրույցում Ալիք Մեդիան պարզել է, որ նա անօթևան է, հրաժարվել և պարբերաբար հրաժարվում է պետության հատկացրած հանրակացարանից, քանի որ այն քաղաքից դուրս է գտնվում:
Ինքը` կինը, (չցանկացավ ներկայանալ) ապրում է փլուզված եկեղեցում: Ինչպես խոստովանեց նա, հրդեհն, ամենայն հավանականությամբ, բռնկվել է իր վառած կրակից:
«Եկեղեցու տարածքը մաքրել եմ, երեկոյան գալիս եմ այստեղ գիշերում, ջուր բերում, ուտելիք եմ պատրաստում: Երեկոյան կրակ վառեցի ջուրը տաքացնելու համար, հետո հանկարծ աչքս կպավ: Երբ արթնացա՝ իրերիս մի մասն արդեն այրվել էր»:
Դեպքի կապակցությամբ Ալիք Մեդիան հեռախոսազրույց ունեցավ Վիրահայոց թեմի մամուլի խոսնակ Սուսաննա Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Վիրահայոց թեմի առաջնորդը վաղ առավոտյան մեկնել է եկեղեցի և անձամբ ծանոթացել իրավիճակին: Ամենայն հավանականությամ, հրդեհի պատճառը տարածքում ապրող անաօթևան մարդկանց անուշադիր վերաբերմունքն է: Հարցն ուսումնասիրվում է»,— հայտնեց Սուսաննա Խաչատրյանը:
Խաչատրյանը պարզաբանեց նաև, որ երկեղեցին ցանկապատված է, սակայն անօթևանները կարողացել են ինչ-որ անցք գտնել և ներս մտնել:
Ալիք Մեդիան կապ հաստատեց նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հետ, որտեղից նշեցին, որ հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 118-րդ հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ անուշադրության պատճառով գույքի ոչնչացում:
Հիշեցնենք, որ Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին Վրաստանի հայտարարած վիճահարույց եկեղեցիների թվում է: 2009 թվականից կիսախարխուլ է, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հաշվեկշռում է:
Նյութը և լուսանկարը վերցված են www.aliq.ge կայքից: