Եվրախորհրդարանի պատգամավորներն աջակցել են Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված շրջաններում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերի չճանաչմանը։
Եվրախորհրդարանի նոյեմբերի 24-ի հաղորդագրության համաձայն՝ այս որոշմանը կողմ է քվեարկել 531 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 34։
Ըստ առաջարկի՝ Եվրահանձնաժողովը պետք է խորհրդակցի ԵՄ անդամ երկրների հետ և կազմի ռուսական ճամփորդական փաստաթղթերի ցուցակ, մասնավորապես՝ անձնագրեր, որոնք չպետք է ընդունվեն։
Այնուամենայնիվ, ուկրաինական հակամարտությունից փախած անձինք դեռևս կկարողանան մուտք գործել ԵՄ՝ հումանիտար նկատառումներով։
Որոշումը Եվրամիության խորհրդի կողմից պաշտոնապես ընդունվելուց և ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո այն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրվանից:
«ԵՄ-ն պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա իրավական և քաղաքական միջոցներով, որպեսզի Պուտինը թանկ վճարի այս անօրինական պատերազմի և Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ կատարված միջազգային հանցագործությունների համար», – ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Խուան Ֆերնանդո Լոպեսը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, Եվրամիության խորհրդի նախագահությունը և Եվրախորհրդարանը հայտարարել էին Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված շրջաններում Ռուսաստանի կողմից Շենգենյան գոտի մեկնելու համար ճամփորդական փաստաթղթերը չընդունելու նախնական համաձայնագրի առկայության մասին։
Նույնիսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, ԵՄ դեսպանները պայմանավորվել էին չճանաչել Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված շրջաններում տրված փաստաթղթերը։